logo-en

  NORTHERN UNIVERSITY

Mak1 

Այսօր Հյուսիսային համալսարանի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանի հիշատակի օրն է

Այսօր լրանում է Հյուսիսային համալսարանի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանի մահվան մեկ տարին։ Միշտ «սպառնում էր», որ 110 տարի ապրելու է։ «Մեր գերդաստանում երկարակյացները շատ են,–ասածը հիմնավորում էր նա,–ես ինչո՞ւ պետք է քիչ ապրեմ, համ էլ էնքա՜ն գործ կա անելու, ազիզ (նրա սիրելի դիմելաձևն էր, որը ժառանգություն մնաց կոլեկտիվին ու մտերիմներին), պիտի հասցնեմ»։
Վիրավորվում էր, երբ հանկարծ անզգուշորեն տարիքը շեշտում էինք։ Իրականում պարոն Մակիչյանը բազմաթիվ երիտասարդներից երիտասարդ ու եռանդուն էր, կյանքով լեցուն, նախաձեռնող, հոգնել ու բռնած գործից նահանջել չգիտեր։ «Պարտություն» բառը չկար նրա բառապաշարում, պրպտուն միտքը մեկ վայրկյան անգամ հանգիստ չուներ։ Նույն աշխատաոճն էր «պարտադրում» նաև աշխատակիցներին։ Երբեմն միաժամանակ չորս հանձնարարություն կտար, որոնցից մեկի իրագործումը կբացառեր մյուս երեքի իրականացումը։ Անվրդով դեմքով կթվարկեր անելիքներն ու զուսպ ժպիտով կհետևեր քո հոգեկան տվայտանքներին․․․Առարկելն անիմաստ էր։ Սկսում էիր տարբերակներ որոնել չորս հանձնարարությունը միաժամանակ հաջողությամբ ավարտելու համար։ Երբեմն կատակով իրար մխիթարում էինք՝ պարոն Մակիչյանն այս ձևով փորձում է բացահայտել մեր թաքնված հնարավորությունները, հասկանո՞ւմ եք, նա գիտի՝ ինչ է անում․․․ Լավ է դեռ, որ չէր սկսում խանգարել, ինչն էլ կարծես դիտմամբ էր անում, որպեսզի մինչև վերջ պեղես–հանես քո բոլոր հնարավորությունները, անմնացորդ նվիրվես ու արարես, կերտես ինքդ քեզ, կայանաս՝ ի զարմանս հենց քեզ․․․
Եվ հաջողում էինք, պատկերացնո՞ւմ եք։ Մեզ հաջողվում էր նույն օրը նույն ժամին մի գիտաժողով անցկացնել Հյուսիսային համալսարանի Ալեք Մանուկյան 15ա հասցեում, մի գրական–երաժշտական երեկույթ Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում, այցելել որևէ զորամաս ու տպարան ուղարկել «Հյուսիսային համալսարան» պաշտոնաթերթի հերթական համարը․․․ Եվ ներկա լինել բոլոր միջոցառումներին։ Հասցնում էինք։ Զուսպ, միայն իրեն հատուկ գոհունակ ժպիտով կասեր․
– Ապրես, ազիզ։ Վաղը ժամը 16։00 նոր բուկլետը պիտի սեղանիս վրա լինի։ Բայց որ ժամը 15։00 լինի, ավելի լավ։
Դա մի հինգ օրվա աշխատանք էր։ Բայց․․․ հասցնում էինք։
Կենդանության օրոք էլ պարոն Մակիչյանը նաև աշխատանքից դուրս մեր զրույցների հիմնական թեման էր։ Նույնիսկ երբ հավաքվում էինք աշխատակիցներից որևէ մեկի ծնունդը, կամ այլ առիթ նշելու, հիմնական կենացներից հետո, չգրված մի օրենքով, սկսում էինք պատմել պարոն Մակիչյանի հետ կապված հումորային դրվագները։ Հետաքրքիրն այն էր, որ նրա հետ կապված բազմաթիվ դժվար իրավիճակներ ուղեկցվում էին զվարճալի ինչ–որ միջադեպերով, որոնք հետո առավել գունավորված, չափազանցված կերպով անցնում էին բերնեբերան՝ Բորիս Մակիչյանի կերպարին հաղորդելով ինչ–որ միֆականություն։ Ասես խոսքը գրական կերպարի մասին էր, և ոչ թե բուհի ռեկտորի։ Նա ավելին էր, քան պարզապես «հիմնարկի տնօրեն»։ Նա ՄԱՐԴ էր՝ իր բոլոր հետաքրքիր դրսևորումներով՝ խստապահանջությամբ ու ներողամտությամբ, ներքին հակասականությամբ ու զարմանալի անկեղծությամբ, բայց միշտ ազնվության հանդեպ անբացատրելի սիրով։ Ազնիվ մարդը նրա պաշտամունքն էր։
Այսօր լրանում է մեկ տարին, ինչ Հյուսիսային համալսարանի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանը մեզ հետ չէ։ Բայց չկա գեթ մեկ օր, որ չհիշենք նրան, չկարոտենք լոռեցուն բնորոշ նրա հումորը, զուսպ ու գոհունակ ժպիտը, երբ անիրագործելի թվացող հանձնարարությունները կատարելիս առանց կաբինետի դուռը թակելու սենյակ էինք ներխուժում ու հաշվետու լինում կատարածի մասին։ Բորիս Մակիչյանն ապրում է նաև իր մասին հյուսված ու բերնեբերան տարածված պատմություններում, որոնցից մեկը կներկայացնենք ստորև։
 Բուհում անցկացվող մի գիտաժողովից առաջ ինձ հանձնարարեց․
–Բացման խոսք պիտի ասեմ, կնստես առջևի շարքում ու երբ տասնհինգ րոպեն լրանա, ձեռքով նշան կանես, որպեսզի ելույթս ավարտեմ։ Ուզում եմ այս անգամ քիչ խոսել։
Հավատացի։
Տասնհինգ րոպե հետո երկու ձեռքով «խաչ» եմ անում, այսինքն՝ վերջ, ժամանակը լրացել է։ Անվրդով նայեց ու շարունակեց ավելի եռանդով խոսել։ Հաջորդ 20 րոպեներին ձեռքով ցույց եմ տալիս ժամացույցս։ Ապարդյուն։ Պարոն Մակիչյանը տարերքի մեջ շարունակում է պատմել բուհում անցկացված թումանյանական միջոցառումների մասին։ Հաջորդ 30 րոպեներին ձեռքի բոլոր հնարավոր ու անհնար շարժումներով փորձում եմ հասկացնել, որ ժամանակը վաղուց սպառվել է։ Ավաղ․․․Խոսեց 80 րոպե։
Գիտաժողովի վերջում զայրացած ինձ է դիմում․
–Քեզ չէի՞ ասել, որ 15 րոպեն լրանալուն պես զգուշացնես։
–Բայց ես ձեռքով հասկացնում էի, չէ՞,– արդարանում եմ։
–Վա՜յ, ազիզ,–զարմացած բացականչում է պարոն Մակիչյանը,– ես էլ մտածում էի՝ այնքա՜ն լավ եմ խոսում, այնքա՜ն հետաքրքիր, որ ինձ նշան ես անում, ասում ես՝ էլի՜ խոսիր, պարոն Մակիչյան, էլի՜ խոսիր․․․
 
Գ․ Հակոբյան
Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ բաժնի ղեկավար

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...