«Մեր ուսանողները սկսել են ավելի հաճախ այցելել գրադարան, ավելի շատ կարդալ ինչպես մասնագիտական, այնպես էլ գեղարվեստական գրքեր,–իր ոգևորությունը մեզ հետ կիսում է գրադարանավարուհի Աննա Բալյանը,– իսկ այսօր նորից գնումներ իրականացվեց։ Հիմնականում մասնագիտական գրքեր են»։
Դեռևս ուսումնական տարվա սկզբին, երբ դասերն առցանց հարթակից տեղափոխվեցին լսարաններ և կյանքը փոքր–ինչ բնականոն հուն մտավ, համալսարանում աշխուժացան բոլոր ստորաբաժանումների աշխատանքները։ Իսկ գրադարանի՝ համապատասխան գրքերով համալրումն առավել ևս կարևորվեց ու դարձավ օրախնդիր։ Բուհի ամբիոններին հանձնարարվեց ներկայացնել պահանջված մասնագիտական գրքերի ցանկը՝ համալրումն աստիճանաբար իրականացնելու նպատակով։ Ի ուրախություն մեր ուսանողների՝ համալսարանի ղեկավարությունը նոր գնումներ է իրականացրել՝ համալրելով գրադարանն անհրաժեշտ մասնագիտական գրքերով։ Գործընթացը կունենա շարունակական բնույթ, նոր համալրումը չի ուշանա՝ դարձնելով բուհի գրադարանը ուսանողների ընթերցանության մշտական վայրն ու պահանջված բազմազան մասնագիտական գրքերի պահոց։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն