Հարգելի ուսանողներ, գործընկերներ, առաջարկում ենք մասնակցել ՀՀ գլխավոր դատախազության գործընկերությամբ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից անցկացվող «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթին: Ի դեպ, այն անցկացվում է ամեն տարի:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության 14-ից 35 տարեկան քաղաքացիները (ֆիզիկական անձինք կամ ստեղծագործական խմբեր):
Մրցույթի շրջանակներում որպես հակակոռուպցիոն սոցիալական գովազդ պետք է պատրաստել պաստառներ կամ տեսահոլովակներ և մինչև հոկտեմբերի 1-ը ուղարկել www.anticorruption.life պաշտոնական կայքին՝ ըստ համապատասխան կարգավորումների:
Ներկայացվող պաստառներում և տեսահոլովակներում պետք է յուրօրինակ, ինքնատիպ, դիպուկ և տպավորիչ կերպով արտացոլվեն կոռուպցիայի՝ որպես անհանդուրժելի սոցիալական, հասարակական երևույթի կողմերը, ամենատարբեր ոլորտներում դրա դրսևորումների և բացասական հետևանքների, այդ չարիքի դեմ պայքարի, իրավապահ մարմիններից հիմնական ակնկալիքների ու պահանջների, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ հեղինակի պատկերացումները:
Մրցույթն անցկացվում է կոռուպցիայի հակազդման միջազգային համագործակցության շրջանակներում՝ այդ բացասական երևույթի դեմ պայքարի համընդհանուր ընկալման ձևավորման, դրանում երիտասարդության ներգրավվածությունը խրախուսելու նպատակով: