logo-en

  NORTHERN UNIVERSITY

lorenc22  lorencc

Միահյուսելով հոգու գույները բնության ծածուկ և շլացնող գեղեցկություններին

 
Եթե հավատալու լինենք, որ արվեստագետը մարդկային հոգու թարգմանն է, ապա գեղանկարիչ Արմեն Լոռենց Հարությունյանի (Армен Лоренц Арутюнян) կտավներից դատելով՝ այդ հոգին գույների ու հույզերի փոթորիկ է, և նույնիսկ նրա «Թախիծ» կտավը, որում Լոռվա բնաշխարհի գողտրիկ մի անկյունն է, լի է լույսով ու հրաշքի սպասումով:
Հենց հրաշքի սպասումով էլ ներկա գտնվեցինք Հյուսիսային համալսարանի դոցենտ, ճանաչված նկարիչ Արմեն Լոռենց Հարությունյանի նկարների անհատական ցուցահանդեսի բացմանը, որը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի ցուցասրահում:
Ցուցահանդեսում ներկայացված էին հիմնականում Հայաստանի և մասնավորապես գեղանկարչի ծննդավայր Լոռվա բնաշխարհը արտացոլող տարբեր տարիների կտավներ: Երկնահուպ, մանուշակագույն ժայռեր, ճախրող արևածաղիկներ, թախծող ջրաշուշաններ, վառվռուն կակաչներ ու աչքի համար աննկատ դաշտային համեստ ծաղիկներ, որոնց նկարչի վրձինը հավերժական կյանք է պարգևել՝ ասես հուշելով, որ երջանկությունը հենց անսպասելի հայտնված ակնթարթների մեջ է, որոնք իմաստավորում են մարդկային կյանքը:
Արմեն Լոռենց Հարությունյանի կտավներն ասես ժխտումն են ընդունված այն պատկերացումների, որ հանգամանքներն են թելադրում, հաճախ նաև պայմանավորում մեր ամբողջ կյանքը: Նկարիչն այս ընթացքում աշխատել է ի հեճուկս բոլոր փորձությունների ու արտակարգ իրավիճակների՝ ապացուցելով, որ ճշմարիտ արվեստագետն ինքն է ստեղծում իր աշխարհը՝ միահյուսելով հոգու գույները բնության ծածուկ և շլացնող գեղեցկություններին:
Շնորհավորում ենք մեր տաղադաշատ գործընկերոջը, Հյուսիսային համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանին՝ հերթական ցուցահանդեսի առթիվ: Շնորհավորում ենք նաև նրա մեկ այլ ձեռքբերումը. Արմեն Հարությունյանը հաղթող է ճանաչվել Հյուսիսային համալսարանի «Լավագույն գիտահետազոտական նախագիծ» ներբուհական դրամաշնորհային մրցույթում: Շուտով ընթերցողների սեղանին կդրվի բավականին լուրջ մի հետազոտություն՝ «Գեղարվեստական կրթության հիմնախնդիրները հայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմության համատեքստում (XIX-XX դարասկիզբ)» մենագրությունը:
 
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...