Նոյեմբերի 18-ին Գ.Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Հումանիզմի հիմնախնդիրները ժամանակակից աշխարհում» խորագրով կլոր սեղան՝ նվիրված փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հյուսիսային համալսարանի երկարամյա պրոռեկտոր, Գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի նախկին ղեկավար, մեծ հումանիստ Գրիգոր Եգորի Ասատրյանի հիշատակին:
Կլոր սեղանը վարել է սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը: Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Գրիգոր Ասատրյանի դուստրը՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:
Կլոր սեղանին մասնակցել են հումանիզմի հիմնախնդրով զբաղվող աշխարհի տարբեր երկրների մի շարք գիտնականներ:
Կլոր սեղանի մասնակիցներին ու կազմակերպիչներին ուղերձ է հղել Հյուսիսային համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության թեկնածու Մհեր Մակիչյանը՝ արժևորելով Գրիգոր Ասատրյանի դերակատարությունն ու թողած ժառանգությունը համալսարանի կյանքում:
Ռեկտորի ուղերձը ներկայացրել է Հյուսիսային համալսարանի Գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը:
Կլոր սեղանին Ավետիք Հարությունյանը հանդես է եկել «Մարդը որպես բարձրագույն արժեք» դրույթի ամրագրման հիմնախնդիրը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանադրություններում» զեկուցմամբ: