ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
Հյուսիսային համալսարանում ս.թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լսարանային ուսումնական պարապմունքները տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպելու վերաբերյալ
19.03.2020 թիվ 1
Պայմանավորված կորոնավիրուսի պատճառով ս.թ. մարտի 16-ից մինչև ս.թ. ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ և դրանից բխող կրթական հաստատությունների գործունեության ժամանակավոր կասեցմամբ, ինչպես նաև հաշվի առնելով հարկադրված պարապուրդի արդյունքում բաց թողնված դասընթացների վերականգնման ուղղությամբ հետագա հնարավոր բարդությունները, այդ թվում, որոշ դեպքերում նաև դրանց անհնարինությունը, Հյուսիսային համալսարանի (այսուհետ՝ Համալսարան) սովորողների համար համապատասխան կրթական ծրագրերով ուսումնառության լիարժեքությունն ապահովելու նպատակով
Հանձնարարում եմ
- Համալսարանի ուսումնական գործընթացի շրջանակներում համապատասխան դասընթացների գծով ս.թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը սովորողների ուսումնառությունը կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ առցանց եղանակով, կամ դրա անհնարինության դեպքում դասավանդվող նյութերի էլեկտրոնայնացմամբ և ուսումնառողներին հասցեագրմամբ (այսուհետ` էլեկտրոնային նամակագրությամբ): Սույն կետով նախատեսված ուսումնառության ընթացքում ընդգրկել նաև ս.թ. մարտի 2-6-ը, 13-ին պարապուրդի արդյունքում բաց թողնված ծրագրային դասընթացների նյութերը:
- Սույն հանձնարարականի 1-ին կետով նախատեսված ուսումնառության մեջ ներառվում են Համալսարանի ամբիոնի վարիչների, քոլեջի և Ավագ դպրոցի ղեկավարի կողմից ներկայացված առարկայական դասընթացները` ելնելով ամբիոնի և կրթական ծրագրերի և դասընթացների առանձնահատկություններից:
- Առցանց եղանակով դասընթացների կազմակերպման նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների, այդ թվում՝ Համալսարանի ամբիոններին առցանց եղանակով դասընթացներ կազմակերպելու հնարավորությունների պարզաբանումը, դեկանների և Համալսարանի Ալավերդու բաժանմունքի ղեկավարի կողմից դասապրոցեսների իրականացման գործընթացի հսկողության, համապատասխան հաշվետվությունների և կատարողականների ներկայացման հետ կապված մեթոդական և խորհրդատվական աշխատանքների կատարումը վերապահել Համալսարանի ուսումնական վարչության պետ Անուշ Սարգսյանին:
- Առցանց դասապրոցեսներ կազմակեպելու համար անհրաժեշտ է, որ ուսումնառության գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ առցանց հաղորդակցվելը թե՛ սովորողի և թե՛ դասավանդողի համար լինի հնարավորինս պարզ, Համալսարանի, ինչպես նաև ՀՀ կրթության բնագավառում համապատասխան լիազորություններով օժտված այլ անձանց կողմից մշտադիտարկելի և վերահսկելի, դասավանդման գործընթացը ունենա արխիվացման, հետևաբար նաև բազմակի օգտագործման հնարավորություն: Որպես նախապատվելի հարթակ առաջարկվում է դիտարկել Zoom առցանց հարթակը, հաշվի առնելով, որ այն հնարավորություն է տալիս ինտերնետային կապի պայմաններում դասավանդողին և ուսումնառողին պարզ գործողությունների արդյունքում միանալ առցանց հարթակին, միաժամանակ, դասապրոցեսները վերահսկելու հնարավորություն տալով համապատասխան լիազորություններով օժտված անձանց, ունի դասը տեսաձայնագրելու, արխիվացնելու, բազմակի օգտագործելու հնարավորություն: (Zoom համակարգի օգտագործման մասին հղումով՝ https://m.youtube.com/watch?v=E1Aw15D9RDU&fbclid= ): Ի թիվս Zoom-ի, ընդունելի կլինի նաև վերոնշյալ նախապայմաններին համապատասխանող այլ հարթակներ ևս:
- Այն դասավանդողների համար, որոնք կցանկանան դասընթացն անցկացնել Zoom-ի օգնությամբ, սակայն չեն տիրապետում համակարգից օգտվելու հմտություններին, ս.թ. մարտի 20-ին ժամը 12-ին, 14-ին և 16 կկազմակերպվեն առցանց վերապատրաստումներ: Վերապատրաստումները կվարեն Համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը և ուսումնական վարչության պետ Անուշ Սարգսյանը: Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. և This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.՝ նշելով նամակի թեմայի հատվածում «վերապատրաստում» բառը: Յուրաքանչյուր վերապատրաստվող կստանա մուտքի կոդ և կկարողանա նշված ժամերին միանալ առցանց հարթակին՝ վերապատրաստվելու նպատակով: Միաժամանակ, դասավանդողի մոտ տեղեկատվական սարքավորումների հասանելիության հետ կապված խնդիրների դեպքում պատասխանատուները կարող են քննարկել վերջիններիս Համալսարանի նյութատեխնիկական բազայից օգտվելու հնարավորությունը, պահպանելով ընթացիկ արտակարգ դրության նորմերը:
- Եթե ամբիոնները, քոլեջի և Ավագ դպրոցի ղեկավարը կհիմնավորեն Zoom-ով, Moodle կամ առցանց այլ հարթակներով աշխատելու անհնարինությունը կամ ոչ նպատակահարմարությունը, պայմանավորված առարկայի առանձնահատկությամբ և/ կամ համապատասխան դասավանդողի կողմից այդ կերպ դասավանդելու հնարավորությունների բացակայությամբ, այդ թվում, առցանց հարթակներին ուսանողների հասանելիության անհնարինության դեպքում ամբիոնները կարող են կիրառել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների համաժամանակյա և տարժամանակյա այլ ձևեր ևս, օրինակ, էլեկտրոնային հաղորդագրություններ էլեկտրոնային փոստով, պայմանով, որ նշված մեթոդով տրամադրված նյութերը ուսանողների կողմից լիարժեք չյուրացվելու դեպքում անհրաժեշտություն կլինի առկա ուսուցմամբ իրականացնել անհրաժեշտ լրացուցիչ դասապրոցեսներ: Այն դեպքում, երբ Համալսարանի Երևանի գլխամասի և կամ Ալավերդու բաժանմունքի որևէ դասավանդողի կողմից անհնար կլինի համապատասխանաբար առցանց կամ էլեկտրոնային նամակագրությամբ դասապրոցես կազմակերպել, սակայն այդ պրոցեսը կկազմակերպվի միայն Երևանում կամ միայն Ալավերդու բաժանմունքում, ապա Համալսարանի դեկանները, ամբիոնի վարիչները, քոլեջի ղեկավարը և Ալավերդու բաժանմունքի ղեկավարը համատեղ պետք է քննարկեն և քայլեր ձեռնարկեն առնվազն այդ գործընթացում չներառված ուսանողներին ընդգրկելու ուղղությամբ:
- Սահմանել, որ ամբիոնի վարիչը, ֆակուլտետի դեկանը, քոլեջի և Ավագ դպրոցի ղեկավարը, Ալավերդու բաժանմունքի ղեկավարը պետք է համակարգեն դասավանդողների առցանց պարապմունքները և իրականացնեն վերահսկողություն: Յուրաքանչյուր շաբաթվա ավարտին ամբիոնի վարիչը դասերը պարապելու վերաբերյալ հաշվետվություն պետք է ներկայացնի ֆակուլտետի դեկանին, իսկ դեկանը հաշվետվությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում՝ ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանին և Համալսարանի ուսումնական վարչության պետ Անուշ Սարգսյանին: Քոլեջի, Ավագ դպրոցի, Ալավերդու բաժանմունքի սովորողների մասով շաբաթական հաշվետվությունները շաբաթվա ավարտից հետո եռօրյա ժամկետում ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտորին են ներկայացվում վերջիններիս ղեկավարների կողմից:
- Սահմանել, որ ս.թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 14-ը Համալսարանի ուսումնական վարչության և որակի ապահովման վարչությունների աշխատակազմերը, ինչպես նաև Համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտորը կկատարեն խորհրդատուների գործառույթներ՝ աջակցելով Համալսարանի դասախոսներին ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում:
- Սահմանել, որ սույն հանձնարարականում նշված ժամկետում առցանց դասընթացները կիրականացվեն առկա դասապրոցեսի համար կազմված դասացուցակներով, եթե չլինեն դրանց վերանայման հիմնավոր պատճառներ, օրինակ, առցանց մեթոդով չդասավանդվող առարկաները, լաբորատոր աշխատանքները տեղափոխվեն առաջիկայում հնարավոր առկա մեթոդով դասավանդման ժամանակահատված, ներկայումս դրանք փոխարինելով առցանց մեթոդով դասավանդման ենթակա առարկաներով:
- Առցանց դասավանդման ընթացքում ուսումնական պարապմունքների վարձատրությունը կատարվելու է համապատասխանաբար ֆակուլտետների դեկանների, քոլեջի և Ավագ դպրոցի, Ալավերդու բաժանմունքի ղեկավարի հաշվետվությունների հիման վրա, ըստ ուսումնական պլանի և դասավանդողի ծանրաբեռնվածության, այսինքն, հիմք ընդունելով առցանց եղանակով դասավանդված նյութի ծավալը, առկա ուսուցման ծրագրով նախատեսված նյութի դասավանդման համար նախատեսված վարձատրության վերահաշվարկով, ընդ որում, առցանց մեթոդով դասընթացների հատկացվող ժամանակը պետք է կազմի առկա մեթոդով առարկայական ծրագրով թեմային հատկացված ժամաքանակի առնվազն 60 տոկոսը (հաշվի է առնվել բաց թողնված երկու շաբաթների նյութերը (ընդհանուր 5 շաբաթվա նյութեր) առաջիկա 3 շաբաթվա ընթացքում բաշխելու հնարավորությունը, որի արդյունքում ծրագրային նյութը կհամարվի դասավանդված): Էլեկտրոնային նամակագրությամբ իրականացված աշխատանքների վարձատրության հարցը կքննարկվի ամբիոնի վարիչների և դեկանների, ինչպես նաև քոլեջի և Ավագ դպրոցի, Ալավերդու բաժանմունքի ղեկավարի զեկուցագրերի հիման վրա, առկա ուսուցմամբ դասապրոցեսների վերականգնման պարագայում, հաշվի առնելով ծրագրով նախատեսված նյութը ուսումնառողների կողմից լիարժեք յուրացվելու հանգամանքը, ինչպես նաև հիմք ընդունելով ուսումնառողների կողմից դրանք յուրացնելու համար լրացուցիչ դասընթացների անհրհաժեշտությունը:
- Այն դասավանդողները, որոնք չեն կարողանա առցանց կամ էլեկտրոնային նամակագրությամբ դասընթացներ անցկացնել, պարտավոր են բաց թողնված պարապմունքները լրացնել ս.թ. ապրիլի 14-ից հետո՝ մեկ ամսվա ընթացքում և վարձատրությունը կիրականացվի բաց թողնված դասընթացները պարապելուց հետո՝ ամբիոնի վարիչի և դեկանի, քոլեջի, Ավագ դպրոցի, Ալավերդու մասնաճյուղի ղեկավարի զեկուցագրերի հիման վրա: Այն դեպքերում, երբ սույն հանձնարարականի 5-րդ կետով նախատեսված դեպքում Երևանի և կամ համապատասխանաբար Ալավերդու ուսանողը մասնակցել է ոչ իր հիմնական ուսումնառության վայրի դասավանդողի կազմակերպած առցանց կամ էլեկտրոնային նամակագրությամբ իրականացրած ուսուցմանը, այդ դեպքում լրացուցիչ դասընթացների կազմակերպման հարցը կքննարկվի ամբիոնի վարիչների, դեկանի, քոլեջի, Ալավերդու բաժանմունքի ղեկավարի համապատասխան հիմնավորումների հիման վրա:
- Սույն հանձնարարականի հիման վրա կազմակերպված ուսումնական գործընթացի պատասխանատուներ սահմանել ամբիոնի վարիչներին, դեկաններին, քոլեջի, Ավագ դպրոցի և Ալավերդու բաժանմունքի ղեկավարին, իսկ այդ գործընթացի վերահսկողությունը վերապահել ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանին:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ` Մ. ՄԱԿԻՉՅԱՆ