Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
News
«Հյուսիսային համալսարանը պատրաստակամ է իր կազմակերպչական և նյութատեխնիկական ռեսուրսները
ծառայեցնել մեր երիտասարդների գիտական ներուժը վերհանելուն»
Գիտաժողվի հարգելի մասնակիցներ, սիրով ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում գիտաժողովի կազմկոմիտեի հրավերն ընդունելու և գիտաժողովի աշխատանքներին ձեր մասնակցությունն ապահովելու համար: Ինչպես ձեզնից շատերը գիտեն, այս գիտաժողովը նախատեսված էր դեռևս 2020 թվականին, սակայն մեզ հայտնի և ցավալի պատճառներով այն շարունակաբար հետաձգվեց: Նախ, դեռևս 2020 թվականի փետրվարին Հյուսիսային Համալսարանի աշխատակազմին և ուսանողական համակազմին վրա հասավ համալսարանի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանի կորստի վիշտը, որի վառ հիշատակին, ի դեպ, գիտաժողովի կազմկոմիտեի որոշմամբ նվիրված է այս միջոցառումը: Այնուհետ, դեռևս չթոթափած այդ վիշտը, համալսարանի անձնակազմը և ուսանողությունը հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ստիպված եղավ դիմակայել երկիր մոլորակի բնակիչներին վրա հասած առողջապահության ոլորտում աննախադեպ համավարակի սպառնալիքին՝ փորձելով կրթական գործունեության պայմանները ներդաշնակեցնել համավարակի թելադրած և պարտադրած մարտահրավերներին, ներդնելով ուսումնական գործընթացը համավարակի պայմաններում անխափան կազմակերպելու համապատասխան տեխնոլոգիաներ և գործիքակազմ:
Իսկ 2020 թվականի սեպտեմբերից, երբ բոլորս լեցուն էինք թունելի վերջում լույսի սպասումով, համայն հայությանը վրա հասավ պատերազմի արհավիրքը՝ տանելով բազմահազար մարդկային կյանքեր, թողնելով խեղված ճակատագրեր: Խոնարհվելով պատերազմում նահատակված մեր հայրենակիցների հիշատակի առջև՝ Հյուսիսային համալսարանի անունից մեր վշտակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին, իսկ խորը ֆիզիկական և հոգեկան վերքեր ստացած մեր հայրենակիցներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Միաժամանակ, առավել քան երբեք, մեզ բոլորիս մաղթում եմ գիտական մտքի տոկունություն և հավատացնում եմ, որ Հյուսիսային համալսարանը պատրաստակամ է իր կազմակերպչական և նյութատեխնիկական ռեսուրսները ծառայեցնել մեր երիտասարդների գիտական ներուժը վերհանելու և իրացնելու գործընթացներին՝ կարևորելով այն որպես մեր երկրի սոցիալ–տնտեսական բարօրության, անվտանգային միջավայրի ամրապնդման համար անհրաժեշտ նախապայման:
Եվս մեկ անգամ ողջունում եմ գիտաժողովի մեկնարկը և մաղթում բոլորիս բեղմնավոր աշխատանքային օր:
Շնորհակալություն։
Սույն թվականի հունվարի 15-ին Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց վերապատրաստում “Soft skills” թեմայով: Վերապատրաստման բանախոսներին էին Հունաստանի միջերկրյածովյան համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, դոցենտ Կոնստանտինոս Պետրիդիսը, Իտալիայի Եվրոփաս ակադեմիայի ավագ վերապատրաստող Սյուզան Գալիանոն և Հյուսիսային համալսարանի եվրոպական ծրագրերի համակարգող, լեզուների ամբիոնի դասախոս Անի Թամազյանը:
Առցանց վերապատրաստման ընթացքում ներկայացված թեմաներն էին «Ժամանակի կառավարումը», «Ստեղծագործականությունը» և «Բանակցային հմտությունները»:
Կոնստանտինոս Պետրիդիսն անդրադարձավ ժամանակի ճիշտ կառավարման մեթոդներին և հնարքներին, ինչպես նաև ներկայացրեց այն սխալները, որոնց պատճառով մարդիկ չեն կարողանում արդյունավետ օգտագործել ժամանակը:
Սյուզան Գալիանոն զուգադրեց ստեղծագործականությունը և կրթությունը, արժևորեց կրթության մեջ ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Անի Թամազյանը ներկայացրեց բանակցությունների տեսակները, վիդեոհոլովակներով ցուցադրեց հաջողված բանակցությունների օրինակներ, ինչպես նաև անդրադարձ կատարեց այն կարևոր հմտություններին որոնք անհրաժեշտ են հաջողված բանակցությունների համար:
Առցանց վերապատրաստմանը մասնակցեցին ինչպես Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներ և ուսանողներ, այնպես էլ հայաստանյան և արտասահմանյան բուհերի մի շարք ուսանողներ և դասախոսներ: Վերապատրաստման աշխատանքային լեզուն անգլերենն էր:
Առցանց վերապատրաստմանը տեխնիկական աջակցություն ցուցաբերեց Հյուսիսային համալսարանի հեռավար ուսուցման բաժինը՝ ի դեմս Արփինե Ալեքսանյանի և Մարիաննա Նիկոլյանի:
Անի Թամազյան
Հյուսիսային համալսարանի եվրոպական ծրագրերի համակարգող