Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
News
Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջում 2020 թ․ նոյեմբերի 26–ին և 27–ին անցկացվեց պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների «Քույրական գործ» մասնագիտությամբ նախորդ տարիների շրջանավարտների՝ պետական դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորումը։ Մասնակից 46 շրջանավարտներից 44–ը հաջողությամբ հանձնելով քննությունները՝ ստացան բուժքույրի որակավորում՝ արժանանալով պետական դիպլոմների։
Պետական որակավորման հանձնաժողովը նախագահում էր Մուն Ռուժ էսթետիկ բժշկական կենտրոնի բժիշկ Նարինե Ասլանյանը, անդամներ՝ Ա․ Սարգսյան, Ռ․ Ջանինյան, Լ․ Ջանգիրյան, Ա․ Կարապետյան ու ԿԳՄՍ նախարարության երկու ներկայացուցիչ։
Հատկանշական է, որ 2018 թվականից ի վեր Հյուսիսային համալսարանում են անցկացվում պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների «Քույրական գործ» մասնագիտությամբ ամփոփիչ ատեստավորման քննությունները։ Բուհը տրամադրում է ոչ միայն անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսները, այլև կազմակերպում կոնսուլտացիաներն ու համալրում մասնագիտական հանձնաժողովի կազմը համապատասխան մասնագետներով։
(Բարձր գնահատելով մարդկային ներուժն ու ստեղծարար միտքը…)
Շատ կուզեի խոսքս սկսել «Հաղթել ենք» հեշթեգով․․․ Չէ՞ որ բոլորս հավատում էինք այդ բաղձալի հաղթանակին և թվում էր՝ արեցինք հնարավորը այն մոտեցնելու համար։ Յուրաքանչյուր դրամը՝ Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբերած, օրեր ձգվող հերթերում արյուն հանձնելու մեր պահին անտրտունջ, նույնիսկ ներքին հպարտությամբ սպասելը, ունեցած–չունեցած տաք հագուստն ու սնունդը արցախցի մեր հայրենակիցներին վայրկյան առաջ հասցնելը, «թուղթը զենք դարձնելը», հոգեբանական աջակցություն կազմակերպելը, կամավորական ամենատարբեր աշխատանքներում ներգրավվելն ու ազգովի աղոթելը թելադրված էր ներքին մի մղումով, որ այս ամենը փոքր–ինչ կմոտեցնի հաղթանակը, որ վայրկյան առաջ կլռեն թնդանոթները, որ ամեն օր սոսկումով չենք սպասի հայրենիքի համար նահատակված հերոսների ցուցակին՝ այնտեղ փնտրելով նաև մեր հարազատի անունը(թեպետ նրանք բոլորն են մերն են)։ Որ Արցախի քարտեզի հարավային հատվածի կարմիրը կնահանջի հայ զինվորի ոգու և մարտական սխրանքների առաջ․․․Որ վերջիվերջո կթոթափենք ցեղասպանվածի՝ մշտապես մեզ կրծող ամոթն ու կվերահաստատենք, կամրապնդենք Արցախյան առաջին պատերազմի հաղթանակները ։ Որ․․․ Այսօր մենք դատապարտված ենք ապրելու առանց «հաղթանակի սպասման»։ Գոնե առժամանակ։ Ու նույնիսկ չենք կարող մխիթարվել, որ մեզ մնաց «արտերի ոսկեգույնը»։ Ցավոք, մեզ բաժին հասավ արյան կարմիրը, և այսօր բոլորս կյանքը վերաարժևորելու, մեր քարուքանդ ներաշխարհը «վերակազմավորելու» և առաջ շարժվելու խնդիր ունենք։ Ամեն օր մեզ «ամրագրված» պարտականությունները կատարելու անհնարինությունն ենք փաստում՝ օգնություն փնտրելով հայոց մեծերի լավատեսական «ստատուսներում» կամ Վանգայի հայանպաստ գուշակություններում։ Շատ հիմնավոր ու արդարացված պատճառներով անգործության մատնվելով՝ մենք մեզ վտանգում ենք եղածը կորցնելուն։ «Ի՞նչ անել» հարցի պատասխանը Իսրայելի նախկին վարչապես Շիմոն Պերեսն արդեն տվել է՝ աշխատել չհուսահատվելով՝ բարձր գնահատելով մարդկային ներուժն ու ստեղծարար միտքը․․․ ․․․Հիշեցի, որ հաշվետվություն պետք է ներկայացնել Հյուսիսային համալսարանի՝ ռազմական դրության պայմաններում հասարակությանը մատուցած ծառայությունների վերաբերյալ։ Կետ առ կետ։ Հանկարծ եթե «նախարարությունից մարդ գա ստուգումների» ու փորձեն պարզել, թե բուհը որքանով է կատարում Ռազմավարական ծրագրով նախանշված իր գործառույթները մասնավորապես «հասարակությանը մատուցած ծառայությունների գծով», մենք հրապարակումների լինկեր ունենանք․․․ Ծառայությունների մասին՝ ներքում, բայց ամենակարևոր՝ վերջում։ 1. Հոգեբանական աջակցություն: Բուհի հոգեբանության ֆակուլտետի 4–րդ կուրսի ուսանողների և դասախոսների(ղեկավար՝ Մ․ Մամիկոնյան) ուժերով հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել Արցախից ՀՀ տեղափոխված ընտանիքների երեխաներին ու մեծահասակներին// https://www.northern.am/index.php/hy/news/377-hogeban
2. Համալսարանի աշխատակիցների և ղեկավարության կողմից շուրջ չորս միլիոն դրամ է փոխանցվել Հայաստան համահայկական հիմնադրամին և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (կտրոններն առկա են):
3. Բուհի աշխատակիցներից և ուսանողներից շատերը դոնորական արյուն են հանձնել պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանության ինստիտուտում(չենք լուսանկարել, մի տեսակ անհարմար էր):
4. Համալսարանի նկուղային հարկերը համապատասխանեցվել են քաղպաշտպանության պահանջներին՝ բուհի աշխատակիցների, ուսանողության ու հարակից շենքերի բնակիչների համար: Կազմակերպվել է նաև առաջին բուժօգնության դասընթացներ աշխատակիցների և ուսանողների համար// https://www.northern.am/index.php/hy/news/376-seminar
5. Ակտիվորեն մասնակցել ենք <Թուղթը վերածենք զենքի> նախաձեռնությանը: Բուհի կողմից հատկացված շուրջ մեկ տոննա թուղթ զենք է դարձել// https://www.northern.am/index.php/hy/news/384-zenq
6․ Նշյալ գործընթացները համակարգող հասարակայնության հետ կապերի բաժնի և ուսխորհուրդի նախաձեռնությամբ համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները հավաքել են հագուստ, անհրաժեշտ պարագաներ, սնունդ` տարհանված արցախցիների համար՝ բուհի տրամադրած տրանսպորտային միջոցներով հասցնելով դրանք Աղվերան, Բյուրեղավան, Դավթաշենի համայնք։ Հավաքված իրերի մի զգալի մասն էլ փոխանցվել է «Մոսկվայի տուն» կենտրոնի՝ արցախցիների հարցերով զբաղվող նախաձեռնող խմբին։
7․ Բուհի աշխատակիցներից ու ուսանողներից շատերը ներգրավվել են ամենատարբեր կամավորական աշխատանքներում՝ հագուստի ու սննդի փաթեթավորում, արտերկրից ստացված հումանիտար օգնության բեռնաթափում։ 8․ Ուսխորհրդի փոխնախագահի նախաձեռնությամբ և բուհի ղեկավարության ֆինանսավորմամբ կազմակերպվել է այցելություն X զորամաս՝ զինծառայողներին հոգեբանական օգնություն մատուցելու և անհրաժեշտ պարագաներ հատկացնելու նպատակով։ 9․ Այս ամենին զուգահեռ՝ բուհի որոշ աշխատակիցներ հանդես են եկել նաև անհատական նախաձեռնություններով։ Մասնավորապես, դասախոս, նկարիչ Արմեն Լոռենց Հարությունյանը ռազմական դրության հենց առաջին օրերից աճուրդի միջոցով վաճառել է իր կտավները և փոխանցել գումարը Հայաստան համահայկական հիմնադրամին: Այս եղանակով նա նվիրաբերել է ավելի քան մեկ միլիոն դրամ// https://www.northern.am/index.php/hy/news/380-lorenc
Հ․ Գ․ Ամենակարևորն այս ամենի մեջ թերևս բոլորիս համախմբվածություն ու սրտացավությունն էր, անշահախնդիր օգնելու, անծանոթ մարդուն ձեռք մեկնելու, վիշտը կիսելու պատրաստակամությունը։ Այս երկրի նվիրյալ քաղաքացին լինելու գիտակցումը։ Մի բան, որը խաղաղ գոյության պայմաններում հաճախ բացակայում է, և առանց որի այս հաշվետվությունն անհնար կլիներ գրել։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
Հյուսիսային համալսարանում, համաճարակային իրավիճակով պայմանավորված, դասերը շարունակում են ընթանալ առցանց եղանակով։ Նոյեմբերի 20–ին տեղի ունեցած հերթական ռեկտորատի նիստում քննարկվեցին դասապրոցեսների անցկացմանն ու համալսարանի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, առցանց եղանակով ուսումնական գործընթացի, պրակտիկան անցկացնելու, համալսարանի Ալավերդու բաժանմունքի գործունեությունը վերակազմակերպելու, բուհի ընթացիկ աշխատանքների հնարավոր վերապլանավորման, այդ թվում վերապլանավորված աշխատանքների հաշվետվողականության գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ հարցեր։
Բացման խոսքում ռեկտոր Մհեր Մակիչյանը նշեց, որ բուհի ղեկավարությունը ներդրել է բոլոր ջանքերը, հնարավոր ամեն ռեսուրս՝ ուսումնակրթական գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու, ուսանողների ուսումնական պրակտիկան նախասահմանված մակարդակով անցկացնելու համար։ Ռեկտորն առաջարկեց օրակարգային հարցերին անդրադառնալիս անպայման նշել նաև ծագած խնդիրները՝ դրանց լուծումներ տալու, հետագա գործընթացները բարելավելու նպատակով։
Առցանց կրթության կազմակերպման վերաբերյալ ելույթներում նշվեց, որ այն անցկացվում է պատշաճ մակարդակով՝ օգտագործելով zoom և moodle հարթակները։ Ուսանողների գերակշիռ մասն ակտիվորեն մասնակցում է դասերին, ստորաբաժանումների ղեկավարները մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահում բացակայող ուսանողներին՝ վեր հանելով բացակայությունների պատճառներն ու դասընթացներին նրանց հետագա մասնակցությունն ապահովելով։ Կարևորվեց նաև դասախոսների՝ առցանց ուսուցման եղանակների վերաբերյալ վերապատրաստումների հարցը, ինչի շնորհիվ կբարձրանա հեռավար ուսուցման արդյունավետությունը։ Դեկաններին և ամբիոնի վարիչներին հանձնարարվեց իրականացնել առցանց դասալսումներ՝ արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնելով ուսումնական վարչություն։
Ըստ պրակտիկայի բաժնի ղեկավարի զեկուցման՝ ուսումնական պրակտիկան անցկացվում է նախանշված ժամանակացույցով ու պատշաճ մակարդակով։ Կարևորվեց բուհից պրատիկային կցված ղեկավարների գործառույթներն ու այդ մասով հաշվետվողականության ապահովումը։ Որոշվեց նաև անհրաժեշտության դեպքում մագիստրատուրայի ուսանողների պրակտիկան կազմակերպել դասապրոցեսներին զուգահեռ։
Նիստին ռեկտոր Մ․ Մակիչյանն անդրադարձավ նաև Ալավերդու բաժանմունքի գործունեությունը վերակազմակերպելու հարցին։ Որոշվեց վերանայել Ալավերդու բաժանմունքի կառավարման մեխանիզմը, հաջորդական քայլերով իրականացնել լիազորությունների վերաբաշխում։ Մասնավորապես, 2020-21 ուստարվա 2–րդ կիսամյակից դասապրոցեսների ընթացիկ կազմակերպման գործընթացում վերջնական որոշումների կայացման լիազորությունները վերապահել համապատասխան դեկաններին և բժշկական քոլեջի ղեկավարին, ինչպես նաև փորձարկել կազմակերպչական բնույթի այլ գործառույթների կազմակերպումը Երևանից:
Հյուսիսային համալսարանում գործընթացների հաշվետվողականոթյունը բարելավելու նպատակով որոշվեց նաև առաջիկա շաբաթվանից ընթացիկ և վերապլանավորված աշխատանքների վերաբերյալ յուրաքանչյուր երեքշաբթի նախորդ հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն տրամադրել ռեկտորատի քարտուղարությանը և որակի ապահովման վարչությանը։