Հաջողությամբ ավարտվեց Հյուսիսային համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և AT Consulting Center բանկային ոլորտի ուսումնախորհրդատվական կենտրոնի համագործակցության շրջանակում կազմակերպված «Բանկային գործ» խորագրով երկօրյա սեմինար-դասընթացը(08․12․2021թ․ և 09․12․2021թ.)։ Այն վարեց AT Consulting Center ընկերության հիմնադիր-տնօրեն, Գյուղատնտեսական համալսարանի քոլեջի և Երևանի պետական հումանիտար քոլեջի դասախոս Տաթևիկ Գամաղելյանը։
Դասընթացին հիմնականում մասնակցում էին տնտեսագիտության և իրավագիտության առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողները: Քննարկվեցին հետևյալ թեմաները՝
բանկային ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը,
պրակտիկ դասեր ավանդների, վարկերի, պլաստիկ քարտերի մասին,
բանկային հաշվապահություն։
Դասընթացն ապահովեց հետևյալ վերջնարդյունքները՝
մասնակիցները սովորեցին հաշվել ավանդի և վարկի տոկոսները,
իմացան պլաստիկ քարտերի տարբերությունների մասին,
սովորեցին, թե ինչպես պետք է պաշտպանել իրենց ֆինանսական շահերն ու իրավունքները, ինչպես նաև տարանջատել բանկային հաշվապահությունն ընդհանուր հաշվապահությունից։
Նշենք նաև, որ դասընթացին մասնակցությունն անվճար էր, իսկ այն ուսանողները, որոնք AT Consulting Center ընկերությունում վերապատրաստվելու ցանկություն հայտնեցին, ընկերությունը աշխատանքի կտեղավորի:
Սեմինարի երկու օրերին մեծ ակտիվություն ցուցաբերած ուսանողները ստացան հավաստագրեր: Իսկ ակտիվ էին գրեթե բոլորը, այն աստիճան, որ վերապատրաստումը նախատեսվածից ավելի տևեց:
Շնորհակալություն ենք հայտնում AT Consulting Center ընկերության հիմնադիր-տնօրեն Տաթևիկ Գամաղելյանին՝ բարձր պատրաստվածության և մատուցման գրագետ մեթոդաբանության համար, իսկ Հյուսիսային համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավար Նինա Ավագյանին (Հյուսիսային համալսարանի կարիերայի կենտրոն)` օգտակար նախաձեռնության համար։
Դեկտեմբերի 8-ին Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկայի կազմակերպմամբ և Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի, բժշկական քոլեջի և ԲՈՒՀ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողների և դասախոսների մասնակցությամբ տեղի ունեցավ «Անչափահասների պատժի և պատասխանատվության առանձնահատկությունները» թեմայով դասընթաց-քննարկումը: Քննարկման ընթացքում շոշափվեցին անչափահասների նկատմամբ պետության կողմից դրսևորվող վերաբերմունքի և պատիժների, հարկադրանքի միջոցների կիրառման առանձնահատկությունները։
Լույս է տեսել «Հյուսիսափայլ» գիտական հանդեսի 2 ( 2021 համարը (պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի խմբագրությամբ Армен Джугурян), որում ընդգրկված գիտական հոդվածները, ինչպես միշտ, բազմազան ոլորտներ են շոշափում՝ խմբավորվելով վեց բաժանմունքում:
Մասնավորապես, «Կառավարում» բաժանմունքում պրոֆեսորներ Վալերի Միրզոյանը և Արմեն Ճուղուրյանn իրենց հոդվածներով յուրովի են ներկայացնում կառավարման ժամանակակից գործիքակազմը և դրա արդյունավետ կիրառման հիմնախնդիրների լուծումները: «Պատմագիտություն» բաժնամունքը ամբողջովին նվիրված է հայոց պատմագրության հիմնախնդիրներին, որոնք իրենց առանձնահատուկ գիտական մեկնաբանություններն են ստանում պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի և ասիստենտ Լարիսա Մանուկյանի հոդվածներում:
Ոչ պակաս համարձակությամբ սեփական գիտական դիրքորոշումներն են արտահայտում ասպիրանտները (Հրաչյա Սարգսյան, Լիլիթ Միրզոյան, Սոնա Ստեփանյան, Արմեն Համբարձումյան), որոնք «Տնտեսագիտություն» բաժնում ներկայացնոմ են իրենց հետազոտական նորույթները: Իսկ «Կրթության էկոնոմիկա» բաժնում գիտագործնական արդյունքներով ընթերցողի հետ կիսվում են երիտասարդ հետազոտողներ Աստղիկ Պողոսյանն ու Վահան Գևորգյանը:
Ուշադրության արժանի են նաև պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանի կողմից լեզվագործաբանական և լեզվաոճաբանական հիմնախնդիրների լուսաբանումները, որոնք տեղ են գտել պարբերականի «Բանասիրություն և լրագրություն» բաժնում:
«Հյուսիսափայլի» այս համարում ակտիվ էին նաև իրավաբանները (ի.գ.թ. Արման Գրիգորյան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Հովհաննիսյան), որոնք իրենց հոդվածներում յուրօրինակ լուծումներ են առաջարկում հայցային վաղեմության և փաստաբանական ինստիտուտներին առնչվող հիմնախնդիրների շուրջ:
Կարծում ենք, որ այս անգամ նույնպես, «Հյուսիսափայլին» հաջողվեց ընթերցողին ներկայանալ նորույթ պարունակող գիտական հետազոտությունների հարուստ գունապնակով: