Թումանյանի շունչն ու ոգին՝ Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղում
Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ 2019 թվականը հայտարարվել է թումանյանական: Հյուսիսային համալսարանն ամբողջ տարվա ընթացքում հետաքրքիր ու բովանդակալից միջոցառումներ կնախաձեռնի նաև բուհի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղում՝ նպաստելով տարածաշրջանի մշակութային կյանքի աշխուժացմանը: Միջոցառումների մեկնարկը տրվեց «Թումանյան» բաժանմունքի մեծ դահլիճում մարտի 21-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված «Հյուսիսային համալսարանը՝ թումանյանական պատգամներին հավատարիմ» խորագրով հանդիսությամբ:Միջոցառմանը մասնակցելու համար ռեկտոր Բ. Մակիչյանի գլխավորությամբ բուհից Ալավերդի մեկնեց պատվիրակություն, որի կազմում էին դասախոսներ, վարչական աշխատակիցներ, ավագ դպրոցի սաները, տնօրենն ու ուսուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ Բ. Մակիչյանը, որը ներկայացրեց թումանյանագիտության ոլորտում վերջին տասը տարիներին կատարած աշխատանքները: Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գ. Հակոբյանը ներկայացրեց «Թումանյան-150» միջոցառումների պլանը՝ առանձնացնելով նաև այն նախաձեռնությունները, որոնք արդեն իսկ իրականացվել են: Ներկաներին ողջույնի խոսք ասաց Ալավերդի համայնքի համայնքապետ Սասուն Խեչումյանը, Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչ, բ. գ.թ., դոցենտ Հենրիետտա Սուքիասյանը, բաժանմունքի դասախոս Անահիտ Մուկուչյանը, այլք:
«Թումանյան-150» հուշամեդալով պարգևատրվեցին Ս. Խեչումյանը, ավագ դպրոցի հայոց լ. և գրականության ուսուցչուհի Ն. Պողոսյանը, «Թումանյան» մասնաճյուղը(տնօրեն՝ Ա. Մակիչյան),
«Թումանյանական աշխարհ» թերթի խմբագրությունը, Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթր ղեկավար Ս. Ալեքսանյանը:
Հանդիսությունն ավարտվեց գեղարվեստական մասով: Ելույթ ունեցան Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի սաները, Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը: