logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

hasmik

Հասմիկ Մանուկյանը Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետի շրջանավարտ է: Մեկն այն ուսանողներից, որը բառացիորեն կերտեց ինքն իրեն՝ ուսումնառության տարիներին փայլուն սովորելով, կատարելագործվելով, դեռևս ուսանողական նստարանից թղթակցելով տարբեր ԶԼՄ-ների, օտար լեզուներ յուրացնելով, մի խոսքով, պատրաստելով ինքն իրեն ավելի գեղեցիկ ու լիարժեք կյանքի: Համարձակ երազանքները սկզբում նրան տարան Լեհաստան ու Չինաստան, իսկ այսօր Հասմիկն ապրում և աշխատում է Թայլանդում՝ կայանալով որպես մասնագետ: Ներկայացնում ենք նրա տպավորություններն այդ խորհրդավոր, հակասական ու անկանխատեսելի երկրի մասին:
Վերջին անգամ կիսել եմ իմ՝ Չինաստանում ապրելու փորձն ու չինական մշակույթի, կենսակերպի շուրջ ձևավորված տպավորությունները։ Անչափ շնորհակալ եմ իմ շատ սիրելի դասախոս Գայանե Հակոբյանին, որն ամեն անգամ ստիպում է ինձ հավաքել մտքերս և զգացողություններս՝ դրանք թղթին հանձնելու համար։ Այս անգամն էլ բացառություն չէ․ նրա հետ զրուցելուց հետո արդեն պարզ էր՝ ժամանակն է ի մի բերել ձևավորված գաղափարներն ու փորձը Թայլանդի մասին։
Թայլանդում ապրում եմ գրեթե մեկ տարի։ Մինչ տեղափոխվելս ընկերներս այնքան էին պատմել այդ երկրի ու նրա մշակույթի մասին, որ թվում էր՝ այլևս ոչինչ չկա բացահայտելու, որ ամեն ինչ գիտեմ, ու որ պետք է միայն գնել ինքնաթիռի տոմսն ու վայելել ամեն մի ակնթարթն այս հիասքանչ երկրում։ Բայց․․․հենց սկզբից հասկացա, որ Թայլանդի մասին ունեցած պատկերացումներս, որ ձևավորվել էին այլ մարդկանց կարծիքների ու փորձի հիման վրա, հակասում են այն պատկերին, որը նոր էի սկսում ձևավորել իմ փորձի հիման վրա։
Մինչ այդ հակասություններին անդրադառնալը, սակայն, կցանկանայի պատմել Թայլանդի լավագույն կողմերի մասին։
Նախ ասեմ, որ այստեղ ապրում են բուդդիստ և մուսուլման թայլանդացիներ, ինչպես նաև չինացիներ։ Թայլանդացիների շրջանում մի շատ հայտնի խոսք կա՝ «Sabai, sabai», որը բառացի թարգմանություն չունի։ «Sabai, sabai» արտահայտությունը հիմնականում կիրառվում է այն իրավիճակներում, երբ սթրեսը, անհանգստությունը կամ մտքերը այսպես ասած «որսում» են մարդուն։ Այն նշանակում է «թեթև տար», «երջանիկ եղիր», «մի մտածիր/մի անհանգստացիր»։ Թայլանդացիները գիտեն ինչպես հավասարակշռել իրենց լավ ու վատ զգացողությունները, այսպիսով նրանք փորձում են ձևավորել դրական դիրքորոշում և լավատեսություն անգամ անհույս թվացող իրավիճակներում։
Թայլանդում շատ են նաև օտարերկրացիները, որոնք հիմնականում այստեղ են անգլերեն դասավանդելու համար։ Նրանցից շատերն են մշտական բնակություն հաստատում այստեղ՝ ոմանք սիրահարվելով երկրի մշակույթին, խոհանոցին ու լողափերին, իսկ ոմանք էլ՝ գեղեցիկ թայլանդուհիներին։
Չեմ կարող չնշել այն մասին, որ այստեղ շատ են սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող երիտասարդները (և ոչ միայն)։ Երբ մարդկանց այս խումբը դեռ աշխարհի մի շարք երկրներում պայքարում է իրենց իրավունքների և հասարակության կողմից ընդունված լինելու համար, այստեղ դա նույնիսկ չի քննարկվում, չի քննադատվում և չի դատապարտվում հասարակության կողմից մի շատ պարզ պատճառով․ գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կա գոնե մեկ նման անդամ։
Թայլանդացիները հպարտանում են իրենց «Muay Thai» կամ «Thai boxing» (թայլանդական բոքս) մարզաձևով։ Ես ինքս ունեցել եմ մի քանի «Thai boxing» դասեր և պետք է խոստովանեմ, որ այն սթրեսից ազատվելու հիանալի միջոց կարող է լինել, քանի որ մարդու մեջ մշակում է ծայրահեղ ուշադրություն, կենտրոնացում, ֆիզիկական պատրաստվածություն և ոչ միայն։
Թայլանդում չորս եղանակներից միայն մեկն է վառ արտահայտված՝ ամառը։ Հյուսիսային քաղաքներում տարվա մեջ գուցե կարճ ժամանակ ավելի ցուրտ լինի, քան երկրի մնացած քաղաքներում, բայց այստեղ չկա ձյուն, չկան աշնանային գույներ ու չկա ձմեռային հագուստի անհրաժեշտություն։ Այս ամիսները համարվում են, սակայն, անձրևային ամիսներ։ Իսկ ընդհանուր առմամբ ողջ տարին տեսարանն այստեղ գրեթե չի փոխվում․ ծառերը միշտ կանաչ են, ծաղիկները միշտ ծաղկում են, մրգերն աճում են տարվա բոլոր ամիսներին, ջերմաստիճանը գրեթե միշտ նույնն է՝ ընդամենը մի քանի աստիճան տարբերությամբ ձմռան ամիսներին։
Թայլանդի գեղեցիկ լողափերը գաղտնիք չեն ոչ մեկի համար։ Պատկերացրեք՝ ամեն շաբաթ հնարավորություն ունեք հանգստյան օրերն անցկացնել ծովափին՝ տաք ավազ, թարմ օդ, ծովի անսահման թվացող ալիքներ, արև, սառը ըմպելիքներ ու արևադարձային մրգեր։
Թայլանդն ունի աննկարագրելի մեծ ու հարուստ խոհանոց, իսկ խոհանոցի թագուհին ու թագավորն, իհարկե, բրինձն ու չիլին են։ Ծովամթերքը ևս կարևոր տեղ ունի թայլանդական խոհանոցում։ Ամենահայտնի խմիչքն այստեղ ավանդական «Թայլանդական թեյն» է, իսկ ամենահայտնի աղցանը՝ «Som Tam»-ը, կամ, այլ կերպ ասած, «պապայա աղցանը», որը սովորաբար պատրաստվում է 6 չիլիով, ծովախեցգետնով, կանաչ պապայայով, լոլիկով և մի շարք համեմունքներով։ Ասեմ, որ երեքից ավելի չիլին ինձ համար անհանդուրժելի կծու է, ու իմ բոլոր գործընկերներն իմանալով այդ մասին՝ միշտ պատվիրում են երկու «Som Tam»՝ 3 և 6 չիլիով։
Մարդիկ հիմնականում սնվում են դրսում, քանի որ այդ սնունդը բավականին էժան է և համեղ։ Միակ բանը, որին հավանաբար չեմ կարողանում դեռ հարմարվել, սառը խմիչքներն են։ Դրանք շատ քաղցր են՝ պատրաստված շաքարավազով ու տարատեսակ քաղցրացնող սերուցքներով։
Հասարակական տրանսպորտից օգտվելն այստեղ բավականին պարզ է ու հարմար։ Գործում են մեզ հայտնի ու ծանոթ բոլոր տրանսպորտային միջոցները և մի շարք նորերը, որոնք բացակայում են Հայաստանում։ Այդպիսիք են, օրինակ, մոտոցիկլետները, որոնք կիրառվում են թե՛ որպես տաքսի, թե՛ որպես անհատական տրանսպորտային միջոց։ Սրանք, թերևս, ամենավտանգավոր տրանսպորտային միջոցներն են, քանի որ մոտոցիկլետների վարորդների մեծ մասը չունի վարորդական իրավունք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը Թայլանդում կատարվում են հենց մոտոցիկլետների մասնակցությամբ։
«Tuk-tuk»-ները, որոնք երեք կամ չորս անիվներով բացօթյա տրանսպորտային միջոցներ են։ Սրանք բավականին էժան և Ասիայում հաճախ հանդիպող փոքր մարդատար փոխադրամիջոցներ են։ Տարբեր երկրներում սրանք ունեն տարբեր անվանումներ, Հնդկաստանում, օրինակ, կոչվում են «Ռիկշա»։
«Skytrain»-ը՝ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում։ Սա համեմատաբար թանկ, բայց ամենաարագ տրանսպորտային միջոցներից է։
Այժմ վերադառնանք հակասություններին, որոնց մասին որոշեցի խոսել վերջում։
Այն ամենի մասին, ինչն ինձ օգնեց տեսնել ավելին ու ձևավորել ավելի հիմնավորված ու համապարփակ կարծիք։
Առաջին հակասությունը կապված է թայլանդացիների՝ հյուրասեր ու ընկերասեր լինելու հետ։ Ես այսպես կարող եմ միանշանակ, առանց երկար-բարակ մտածելու նկարագրել մեզ՝ հայերիս, կամ չինացիներին։ Թայլանդացիների դիրքորոշումը օտարեկրացիների նկատմամբ միանգամայն տարբեր է։
Սկսեմ նրանից, որ սովորաբար այստեղ օտարերկրացիներին խմբավորում են երեք կատեգորիայի՝ սևեր, սպիտակներ և ֆիլիպինցիներ, իսկ մեզ բոլորիս կոչում են «ֆարանգներ» (օտարերկրացիներ), որը հիմնականում արտահայտում է բացասական վերաբերմունք։ Իսկ համեմատաբար դրական վերաբերմունք ցուցաբերում են այսպես կոչված «սպիտակ օտարերկրացիների» նկատմամբ։ Եթե անկեղծ լինեմ, ապա ինձ համար օտարերկրացիների նկատմամբ նման վերաբերմունքը բավականին անսպասելի էր, քանի որ ակնկալիքներս մի երկրից, որը հետևում է բուդդիզմին, մի փոքր այլ էին։ Այնուամենայնիվ, նրանց սիրտը գրավելն անհնար չէ։ Երբ թայլանդացին նկատում ու զգում է հարգանք դեպի իր մշակույթը, լեզուն, կրոնը, ավանդույթներն ու սովորույթները, նա միանշանակ առաջարկում է իր ընկերությունն ու հյուրասիրությունը։ Ես ինքս արդեն հասցրել եմ ձեռք բերել թայլանդացի ընկերներ և պետք է խոստովանեմ, որ երբ սառույցը կոտրվում է, նրանք իսկապես կարող են լինել լավ ընկեր։
Թայլանդը բավականին հոգևոր երկիր է․ սա, թերևս մյուս հակասությունն էր, որը ես նկատեցի։ Թայլանդում, այո՛, կան հոգևոր անհատներ ու մարդկանց մեծ խմբեր։ Կան նաև քաղաքներ, որոնք հայտնի են բուդդայականության մեջ մեծ ներդրում ունենալով, ինչպես օրինակ՝ Chiang Mai, Bangkok, Chiang Rai քաղաքները և ոչ միայն, բայց․․․ես հասցրեցի տեսնել նաև մետաղադրամի մյուս կողմը՝ հարբած հոգևորականների, բուդդիստական տաճարների գործունեության դեմ պայքարող մարդկանց խմբերի ու թագավորության, աշխարհում սեքս-տուրիզմով հայտնի քաղաքներ/կղզիներ (Pattaya, Phuket), որտեղ մարդիկ, մեղմ ասած, հեռու են հոգևոր լինելուց։
Ոչինչ միանշանակ չէ․ մենք չենք կարող նկարագրել մի ողջ երկիր ու հասարակություն միատեսակ, որովհետև, ինչպես բոլոր մետաղադրամներն ունեն երկու կողմ, այնպես էլ բոլոր մշակույթները, երկրները, ազգերն ու երևույթներն ունեն մեկ կամ ավելի կողմեր, ու իրական պատկերացում կազմելու համար հարկավոր է հաշվի առնել այդ բոլոր կողմերը։

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...