logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

zoramas1zoramas2zoramas3

Բուհ–բանակ համագործակցությունը Հյուսիսային համալսարանի
առաջնահերթություններից է

ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնի հետ Հյուսիսային համալսարանի համագործակցությունը սկսվել է 2020 թվականի հոկտեմբեր ամսին, երբ Արցախում ընթանում էին պատերազմական գործողությունները։ Բուհի ուսանողական խորհրդի և լրատվության ու հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոնի նախաձեռնությամբ առաջին անգամ համալսարանի ներկայացուցիչները այցելեցին խաղաղապահ զորքեր՝ հանձնելու բուհի կողմից տրամադրված սնունդն ու առաջնագծին անհրաժեշտ պարագաները։ Հոգեկան տագանապալի վիճակում գտնվող, առաջնագծից ամեն պահ լուրերի սպասող մեր պատվիրակության համար անչափ կարևոր էր հանդիպումը զորամասի հրամանատարական կազմի հետ։ Ուժ, վճռականություն, անսահման հայրենասիրություն ու լավատեսություն․այս բառերով կարելի է բնութագրել խաղաղապահ զորքերի հրամանատար, մայոր Արտյոմ Աբրահամյանին, որի հետ մի քանի ժամ տևած զրույցն իսկապես հայրենասիրության կատարյալ դաս էր բոլորիս համար։

Շրջեցինք զորամասում, ծանոթացանք պայմաններին, եղանք գրադարանում և խոստացանք, որ Հյուսիսային համալսարանը գեղարվեստական գրքերով պարբերաբար կհամալրի գրադարանը, իսկ հաջորդ այցը կկազմակերպվի հենց այդ առիթով։  Իսկ ահա արդեն 2021 թվականի փետրվարի 22–ին բուհից, դարձյալ ուսանողական խորհրդի և լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոնի նախաձեռնությամբ, այս անգամ արդեն 26 հոգուց բաղկացած մեր պատվիրակությունը ուղևորվեց «Զառ» ուսումնական կենտրոն։  Խոստման համաձայն՝ գրադարանին նվիրեցինք հայ, ռուս և արտասահմանյան հեղինակների շուրջ 150 գիրք։ Ավագ դպրոցի սաները(տնօրեն՝ Ա․ Սարգսյան) ու բուհի ուսանողները՝ պատվիրակության ղեկավար կազմի հետ շրջեցին զորամասում, այնուհետև ունկնդրեցին «Հայոց բանակի կազմավորումը»  թեմայով դասախոսությունը, որը սիրով ներկայացրեց ենթասպա Գևորգ Կարապետյանը։ Ունկնդիրները ծանոթացան պատմական տարբեր ժամանակաշրջաններում հայոց թագավորությունների զինուժի պատմությանը, առանձնահատկություններին, հայ մարտիկների քաջարի ոգու դրսևորումներին։

Ընդմիջումը զինվորական ճաշարանում ևս հետաքրքիր էր։ Սեղանի շուրջ պարզ ու անկաշկանդ զրույցը հրամկազմի հետ հնարավորություն տվեց ուսանողներին և  ավագ դպրոցի սաներին իմանալու մի շարք հարցերի պատասխաններ, լսելու հրամանատարի՝ Արցախյան վերջին պատերազմում հայ քաջորդիների գործած սխրանքների մասին։ «Մեր բանակն արել է հնարավոր ու անհնար ամեն ինչ,– նշեց Ա․ Աբրահամյանը,– ու որքան էլ փորձեն թուլացնել մեզ, միևնույն է, մենք ոտքի ենք կանգնելու նաև ձեզ նման հայրենասեր երիտասարդների շնորհիվ»։

Հանդիպման երկրորդ հատվածում գործնական աշխատանքն էր։  Ուսումնական կենտրոնի մասնագետները մեր պատվիրակության անդամներին ծանոթացրին զենքին, դրանից օգտվելու կանոններին։ Համընդհանուր  ոգևորության մթնոլորտում տղա, թե աղջիկ քանդեցին–հավաքեցին ավտոմատները՝ հպարտանալով զենքի հետ արագ ու ճկուն աշխատելու իրենց ունակությամբ։ 

Ավարտվեց մի հետաքրքիր ու հագեցած օր։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել «Զառ» ուսումնական կենտրոնին, խաղաղապահ զորքերի հրամանատարական կազմին, զինկազմին՝  մեր ուսանողների ու աշակերտների  հետ համբերատար աշխատելու համար։

Նաև շնորհակալություն ենք հայտնում բուհի ղեկավարությանը՝ ուղևորության ընթացքում բոլոր հարցերով աջակցելու համար։

 

Հ․Գ․Անկրկնելի մի օր անցկացրինք ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում: Բուհի առկա և հեռակա ուսուցման տարբեր ֆակուլտետների ուսանողները, ավագ դպրոցի սաները այցելեցին ուսումնական կենտրոն պատվավոր մի առաքելությամբ՝ հարստացնելու խաղաղապահ զորքերի գրադարանը, լցվելու հայրենասիրությամբ և հնարավորինս արագ տիրապետելու զենքին: «Երբեք չփորձեք համակերպվել պարտվողի հոգեբանությանը: Մեր պայքարը նոր է սկսվում, ուստի դարձեք մարտիկներ, իսկ մենք՝ փորձառու զինվորականներս, մեծագույն սիրով կնպաստենք ձեր աճին: Այսօրվա մեր հանդիպումը առաջին քայլերից մեկն է»,-մարտական փայլուն ուղի անցած զորամասի հրամանատարը այսպես դիմավորեց մեզ և նույն խոսքերով էլ  բարի ճանապարհ մաղթեց:

Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...