Շնորհավորում ենք արժեքավոր աշխատության «ծնունդը»
Լույս է տեսել Հյուսիսային համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանի «Գեղարվեստական կրթության հիմնախնդիրները հայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմության համատեքստում (XIX-XX դարասկիզբ)» մենագրությունը: Դեռևս 2020 թ. հոկտեմբերին Հյուսիսային համալսարանի հայտարարած «Լավագույն գիտահետազոտական նախագիծ» ներբուհական դրամաշնորհային մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված այս մենագրությունը՝ տպագրության երաշխավորված բուհի գիտխորհրդի կողմից, մեր տաղանդաշատ գործընկերոջ տարիների տքնաջան ու բարեխիղճ աշխատանքի արդյունքն է:
Մենագրությունը նվիրված է XIX դարի և XX դարասկզբի հայ կրթօջախներում արվեստի առարկաների դրվածքին, դասավանդման մեթոդներին ու սկզբունքներին: Վերլուծության են ենթարկվել գեղարվեստական կրթության բնագավառում տվյալ ժամանակաշրջանի մանկավարժական մտքի հարուստ փորձը, ինչպես նաև ժամանակի մամուլում տեղ գտած այն հոդվածներն ու ուսումնասիրությունները, որտեղ քննարկման առարկա են դարձել գեղարվեստական կրթության և արվեստի տեսության հարցերը: Բացահայտված մանկավարժական արգասավոր սկզբունքները, ձևերն ու մեթոդները կարելի է ստեղծագործաբար կիրառել նաև արդի կրթական համակարգերում:
Նախատեսված է մանկավարժական բուհերի, ֆակուլտետների, գեղարվեստի կրթօջախների ուսանողների, դասախոսների, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և հայ կրթամշակույթի պատմությամբ հետաքրքրվողների համար: Տպագրվել է Երևանի Հյուսիսային համալսարանի ֆինանսավորմամբ:
Շնորհավորում ենք դոցենտ Արմեն Հարությունյանին՝ մենագրության լույսընծայման առթիվ, մաղթում գիտական անխոնջ աշխատանքի բազում տարիներ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն