Տեղի ունեցավ Հյուսիսային համալսարանի կողմից հայտարարված «Լավագույն գիտահետազոտական նախագիծ» դրամաշնորհային մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված մենագրությունների և «Հյուսիսափայլ» գիտական պարբերականի շնորհանդեսը:
Դեռևս 2020թ. հոկտեմբերին հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվեցին երկու աշխատանքներ՝ «Գեղարվեստական կրթության հիմնախնդիրները հայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմության համատեքստում (XIX-XX դարասկիզբ)» մենագրությունը (ծրագրի ղեկավար՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հյուսիսային համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյան (Армен Лоренц Арутюнян) և «Կառավարում» ուսումնական ձեռնարկը (ծրագրի ղեկավար՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Արմեն Ճուղուրյան (Армен Джугурян): Ահա այս հաղթող աշխատանքների և համալսարանի «Հյուսիսափայլ» գիտական հանդեսի հերթական համարի լուսընծայման առթիվ կազմակերպված շնորհանդեսին հյուրընկալեցինք պատվավոր հյուրերի՝ Արա Հակոբյանին (արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան), Դավիթ Գյուրջինյանին (Լեզվի կոմիտեի նախագահ), Նարինե Միրզոյանին(ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ, տնտ.գիտ.թեկնածու): Ներկա էին նաև բուհի վարչական ու դասախոսական կազմը և ուսանողներ:
Ինչպես բացման խոսքում նշեց ռեկտոր Մ. Մակիչյանը, պրոֆեսորադասախոսական կազմի հետազոտական գործունեությունը խթանելը, գիտական գործունեության համար համապատասխան պայմաններ ստեղծելը մշտապես եղել է բուհի ռազմավարական առաջնահերթությունների շարքում, իսկ «Լավագույն գիտահետազոտական նախագիծ» դրամաշնորհային մրցույթը միտված է այդ ծրագրի իրականացմանը և կկրի շարունակական բնույթ:
Բանախոսներ Դ. Գյուրջինյանը և Ա. Հակոբյանը բարձր գնահատեցին Ա. Հարությունյանի «Գեղարվեստական կրթության հիմնախնդիրները հայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմության համատեքստում (XIX-XX դարասկիզբ)» մենագրությունը՝ շեշտելով կատարված հսկայածավալ աշխատանքի արդիականությունն ու նշանակությունը: Նրանք անդրադարձան մենագրության ուշագրավ կողմերին՝ կարևորելով դրա դերը գեղարվեստական կրթության բնագավառում:
«Հիացմունքով թերթեցի աշխատության այն էջերը, որոնցում արտացոլված են հայոց կյանքի դժվար ժամանակներում մատաղ սերնդի գեղարվեստական դաստիարակությանն ուղղված մեր մեծ մանկավարժների ջանքերը: Օրհասական պահերին անգամ մշակութային նշանավոր գործիչները շարունակել են կրթել հայ երեխաներին ու պատանիներին՝ հենց ազգային արժեքների տարածումն ու ամրապնդումը համարելով մեր ժողովրդի հարատևության գրավականը: Դա հույս է ներշնչում, որ այսօր նույնպես կարող ենք հավաքել մեր ուժերն ու շարունակեն արարել»,-իր խոսքում նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Դոցենտ Նարինե Միրզոյանը, անդրադառնալով Ա. Ճուղուրյանի «Կառավարում» ուսումնական ձեռնարկին, ի թիվս այլ արժանիքների, շեշտեց դրանում ներառված գործնական աշխատանքների կարևորությունը և նշեց, որ առաջիկայում ուսումնական ձեռնարկը կիրառություն կունենա նաև ԵՊՀ-ի համապատասխան ֆակուլտետում:
Մասնակիցները անդրադարձան նաև «Հյուսիսափայլ» գիտական հանդեսին: Պրոֆեսոր ճուղուրյանը, որը ամսագրի գլխավոր խմբագիրն է, մասնավորապես ներկայացրեց վերջին՝ 2(8)2021 թ. համարը, դրանում ներառված հոդվածների ուղղվածությունն ու համապատասխանությունը ԲՈԿ-ի ներկայացրած պահանջներին:
Իսկ ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լ. Ֆլջյանը, խոսելով «Հյուսիսափայլ» գիտական հանդեսի մասին, կարևորեց առաջիկայում այն ԲՈԿ-ի կողմից ընդունված հանդեսների շարքում ներառելու բուհի ջանքերը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն