Կարևորելով արտաքին շահակիցների հետ համագործակցության ակտիվացումը, ուսանողների պրակտիկայի պատշաճ մակարդակով կազմակերպումը, ինչպես նաև շրջանավարտների աշխատանքային աճին նպաստելու իր առաքելությունը՝ Հյուսիսային համալսարանը՝ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ, 2020-2021 ուսումնական տարում մի շարք գործատուների հետ՝ «AT Consulting Center» բանկային ոլորտի ուսումնախորհրդատվական կենտրոն, «Առթա» տուր տուրիստական գործակալություն, «ՆԵՎԸ ԳԻՎԱՓ» իրավաբանական ընկերություն, «Օրիգամի» մանկական զարգացման և ժամանցի կենտրոն, կնքել է համագործակցության հուշագրեր, որոնց շրջանակներում բուհի բոլոր երեք ֆակուլտետների ուսանողներին հնարավորություն կտրվի պրակտիկան անցկացնել մասնագիտական համապատասխան միջավայրում, մասնակցել գործընկերների կազմակերպած կլոր սեղաններին, սեմինարներին, դասախոսություններին, կատարել փոխայցելություններ: Ըստ հուշագրերում ամրագրված դրույթների՝ Հյուսիսային համալսարանի ուսանողներին կթույլատրվի օգտվել կազմակերպությունների նյութական բազայից, մասնակցել աշխատանքային գործընթացին՝ հմուտ ու փորձառու աշխատակիցների ուղղորդմամբ: Նախատեսվում է նաև թափուր աշխատատեղերի դեպքում դիտարկել համալսարանի սովորողների և շրջանավարտների թեկնածությունները:
Նշենք, որ այս գործընթացը կրում է շարունակական բնույթ: Առաջիկայում համալսարանը կամրապնդի կապերը նաև այլ շահակիցների հետ՝ ի նպաստ բուհի ուսանողների մասնագիտական աճի և գործընկերային հարաբերությունների սերտացման:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն