logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Syuzanna Khachatryan

Հյուսիսային համալսարանի «Տնտեսագիտության կառավարում և ինֆորմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողի Սյուզաննա Խաչատրյանը «Էրազմուս+» շարժունության ծրագրի շրջանակում հնարավորություն է ունեցել մեկ կիսամյակ ուսումը շարունակելու Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում:

Սյուզաննայի հետ զրուցել ենք ուսումնառության ընթացքի, տպավորությունների, զգացողությունների, մի խոսքով՝ այն ամենի մասին, ինչ իր հետ բերել է մեր ուսանողուհին:

-Ի՞նչ տվեց ուսումնառության այս մեկ կիսամյակը:

-Այնպես ստացվեց, որ իմ ընտրած առարկաներից մի քանիսը Լուչիան Բլագա համալսարանում անցնում էին մագիստրոսական ծրագրով, և ես բախտ ունեցա ուսումնառությունս անցկացնել առավել լուրջ և պատասխանատու միջավայրում, որտեղ դասավանդում էին հետաքրքիր մեթոդներով: Շատ սիրեցի խմբային աշխատանքները, որոնք դասախոսի կողմից տրվում էին նյութը մատուցելուց անմիջապես հետո, ինչն օգնում էր տեղում յուրացնել օրվա ստացած ինֆորմացիան: Մեր աշխատանքը գնահատվում էր տեղում, իսկ քննության ժամանակ հավաքված միավորները գումարվում էին քննական գնահատականին:

-Այնտեղ ստացած գիտելիքը որքանո՞վ կարող եք կիրառել այստեղ: Կկարողանա՞ք լավ աշխատանք գտնել:

-Կարծում եմ՝ այո: Այս ընթացքում ես ձեռք բերեցի կառավարման ոլորտում աշխատելու կարողություններ՝ թվային մարքեթինգ, մարդկային ռեսուրսների ճիշտ ընտրություն, առցանց մարքեթինգի կազմակերպում, բիզնես էջերի ստեղծում, սոցցանցերի միջոցով մարքեթինգի կառավարում և այլն: Սրանք հմտություններ են, որոնք շատ արդիական են նաև Հայաստանում և մեծ պահանջարկ ունեն:

- Ինչպիսի՞ն էր ուսանողական կյանքն, ընդհանապես: Հասցրեցի՞ք ընկերներ ձեռք բերել:

-Մեր ուսանողական միջավայրը շատ հետաքրքիր էր և բազմազան: Ունեինք ուսանողներ՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Թունիսից. ինձ հետ ապրում էր մի աղջիկ, ով Հորդանանից էր: Շատ հետաքրքիր է ապրել այլ մշակույթի, դավանանքի, սովորույթների տեր մարդկանց հետ: Դա տալիս է առավել ինքնուրույն դառնալու, դիմացինին հասկանալու, ճանաչելու, ինքդ քեզ ճանաչել տալու, նաև՝ լեզուներ սովորելու հնարավորություն:

-Հասցրեցի՞ք ռումիներեն սովորել:

-Մի քիչ: Քանի որ եկել էինք տարբեր երկրներից, մեր շփման հիմնական լեզուն անգլերենն էր:

-Ինչո՞վ էիք զբաղվում դասերից հետո:

- Գնում էինք զբոսնելու, այցելում թանգարաններ: Ի դեպ, քաղաքը շատ հարմարավետ և ապահով էր: Այնտեղ կարող էիր շրջել մինչ ուշ երեկո՝ առանց վախի կամ անհանգստության: Հնարավորություն ունեցանք նաև շրջագայելու Ռումինիայի տարբեր քաղաքներով, ծանոթանալու իրենց պատմությանը:

Հաճախ առիթներ էինք ստեղծում նաև միմյանց ներկայացնելու ազգային ավանդույթներն ու մշակույթը: Հավաքվում էինք, պատրաստում մեր ազգային ճաշատեսակները, բնականաբար, օգնում էինք մեկմեկու՝ այդ ընթացքում յուրացնելով միմյանց խոհանոցների գաղտնիքները:

-Կկարոտե՞ք Ձեր ընկերներին, կպահպանե՞ք կապն իրենց հետ:

-Իհարկե: Բոլորին հրավիրել եմ Հայաստան: Ընկերուհիս արցունքներով է հրաժեշտ տվել ինձ, բայց խոստացել եմ, որ կրկին հանդիպելու ենք:

-Եթե կրկին ունենաք արտերկրում կրթություն ստանալու հնարավորություն, կօգտվե՞ք:

- Անպայման: Նոր երկիր, նոր կրթական միջավայր, նոր կենսակերպ. սա առաջին հերթին ինքդ քեզ ճանաչելու, բացահայտելու, և, իհարկե, մասնագիտական կարողություններ ձևավորելու հրաշալի հնարավորություն է, որից, անշուշտ, պետք է օգտվել:

Եթե չլիներ Հյուսիսային համալսարանը, գուցե ես երբեք չունենայի այս հրաշալի հնարավորությունը: Շնորհակալ եմ իմ բուհին այս դռներն իմ առջև բացելու համար:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...