Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 554135 |
E-mail info@northern.am |
Համալսարանում կայացած առցանց նիստի ժամանակ քննարկվեցին մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնում ընթացող աշխատանքները: Ինչպես բացման խոսքում նշեց կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Լ. Ֆլջյանը՝ նմանօրինակ հանդիպումները հնարավորություն են տալիս պարզելու, թե որքանով են հեռավար դասընթացները արդյունավետ, և որքանով են դրանց վերջնարդյունքները համապատասխանում ՄԿԾ-ներում սահմանված վերջնարդյունքներին:
Հիշեցնենք, որ արտակարգ դրությամբ պայմանավորված, Հյուսիսային համալսարանում շուրջ երկու շաբաթ ուսուցումը կազմակերպվում է հեռավար եղանակով՝ օգտագործելով տարբեր հավելվածներ և հարթակներ:
Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնների դասախոսները ներկայացրեցին այդ ուղղությամբ կատարած իրենց աշխատանքները: Զեկուցումներից պարզվեց, որ ուսուցումն այդ ամբիոնում ընթանում է հիմնականում էլեկտրոնային փոստի և viber հավելվածի միջոցով, հանձնարարություններն ուսանողներին են ուղարկում ըստ էլեկտրոնային դասացուցակների և հիմնականում նույն եղանակով ստանում տնային աշխատանքները: Զեկուցողները նաև նշեցին ուսանողների թույլ մոտիվացիան՝ դա բացատրելով դասավանդվող առարկաների բարդությամբ: Նիստի ընթացքում վեր հանվեցին տվյալ ամբիոնի հետ կապված մի շարք խնդիրներ՝ հետադարձ կապի թույլ լինելը, դեկանատի աշխատակիցներին դասընթացների ոչ բավարար հասանելիությունն ու դրանց վերահսկողությունը: Նիստի ավարտին ընդունվեցին հետևյալ որոշումները՝
- Աշխատանքներ տանել մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի ուսանողների շրջանում՝ հեռավար դասընթացներին ավելի շատ ուսանողներ ներգրավելու նպատակով:
- Վերանայել տվյալ ամբիոնում կիրառվող հեռավար ուսուցման գործիքները:
- Գործընթացը կազմակերպել թափանցիկ ու հասանելի՝ աշխատանքները վերահսկող մարմինների՝ ամբիոնի վարիչների և դեկանատի աշխատակիցների համար՝ նպաստելով հաշվետվողականության ապահովմանը:
Հավելենք, որ համալսարանում իրականացվող առցանց ուսուցման ընթացքը վերահսկվում է ամբիոնի վարիչների և դեկանատի աշխատակիցների կողմից: Պարբերաբար տեղի ունեցող հեռավար խորհրդակցությունների ժամանակ քննարկվում են ուսուցման որակին, ուսանողների մասնակցությանը, դասընթացների արդյունավետությանն առնչվող հարցեր:
Հյուսիսային համալսարանի և Շեցինի համալսարանի (Լեհաստան) միջև «Էրազմուս+»՝ մեկ ուսանողի փոխանակման ծրագրի շրջանակներում հաղթած՝ օտար լեզուների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Մագդալինա Ավանեսյանն այս կիսամյակում ուսումը շարունակում է Լեհաստանի Շեցինի համալսարանում՝ մշտական կապի մեջ գտնվելով Հյուսիսային համալսարանի իր կուրսընկերների ու դասախոսների հետ: Մեզ ուղղված հաղորդագրության մեջ Մագան գրում է. «Բարեբախտաբար, մինչև համավարակի տարածումը հասցրեցի ծանոթանալ նոր համակուրսեցիներիս հետ, ընկերներ ձեռք բերել, շրջել քաղաքում, հիանալ Շեցինի գեղեցիկ վայրերով: Հիմա բոլորի նման մենք ևս անցել ենք հեռավար ուսուցման zoom հարթակով: Դասախոսներն ամեն ինչ անում են, որպեսզի դասընթացները չտուժեն, որևէ թեմա մեզ համար անհասանելի կամ անհասկանալի չմնա: Գործնական աշխատանքները հիմնականում իրականացնում ենք շնորհանդեսների միջոցով: Հեռավարի դասերին վերաբերում ենք ամենայն լրջությամբ, մեզ հասանելի են էլեկտրոնային գրադարանների հսկայական ռեսուրսները: Մի խոսքով, թեկուզև առցանց, բայց իմ՝ Շեցինի համալսարանում ուսանելու հիմնական առաքելությունը իրականացնում եմ՝ սովորում և գիտելիքներ եմ ձեռք բերում: Թանկ է ամեն ժամը: Ու հարցն այստեղ միայն դասախոսների պահանջկոտությունը չէ. բոլորս էլ գիտակցում ենք, որ գուցե այս ամենին հաջորդեն ավելի դժվար ժամանակներ, և գիտելիքը կօգնի առաջ շարժվելու, կայանալու: Արտակարգ իրավիճակում մենք կարողանում ենք նաև շփվել փոքր խմբերով: Ոչ հաճախ, բայց հավաքվում ենք տարբեր ազգությունների ուսանողներով, պատմում մեր երկրների, մշակույթի, սովորույթների մասին, հիշում զվարճալի դեպքեր մեր կյանքից՝ դրանով փորձելով մեղմել մեկուսացման տխրությունն ու դժվարությունները: Զարմանալի կերպով արժևորում ենք իրական շփումները: Եթե նախկինում տեղի-անտեղի համացանցում էինք, ապա այժմ շատ թանկ ենք գնահատում մարդուն՝ դեմ-դիմաց կանգնած, շնչող, ծիծաղող, քեզ էներգիա հաղորդող մարդուն: Ու հասկանում եմ, որ համացանցը հիմնականում պիտի լինի որպես տեղեկատվություն ձեռք բերելու միջոց, իսկ ընկերները՝ ոչ վիրտուալ, իրական ու շնչող, որոնց կարող ես պարզապես դիպչել, գրկել՝ զգալով մարդկային շփման ջերմությունը»:
Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, բուհի վարչական աշխատակիցները մեկ մարդու պես իրենց տեղում էին՝ համակարգիչների առջև՝ պատրաստ հեռավար խորհրդակցության, որի նպատակը առցանց ուսուցման ընթացքի վերաբերյալ քննարկումներն էին, դրան առնչվող խնդիրներն ու հետագա քայլերը հստակեցնելը: Հիշեցնենք, որ հանրապետությունում արտակարգ ռեժիմ սահմանվելուն պես Հյուսիսային համալսարանը ռեկտոր Մհեր Մակիչյանի հանձնարարականով ձեռնամուխ եղավ հեռավար դասընթացների կազմակերպմանը՝ օգտագործելով հնարավոր բոլոր միջոցներն ու ռեսուրսները: Ինչպես նշեցին ֆակուլտետների դեկաններն ու ամբիոնների վարիչները, բոլոր կուրսերն ակտիվորեն ներգրավված են հեռավար դասընթացներին, ըստ կայքում և ֆեյսբուքյան էջում զետեղված դասացուցակների կանոնավոր դասեր են անցկացվում, որոնք հիմնականում տեսաձայնագրվում և արխիվացվում են: Ողջ գործընթացը վերահսկվում է դեկանների և դեկանատների աշխատակիցների կողմից: Այլ կերպ ասած՝ ամեն ինչ թափանցիկ է, հասանելի ու տեսանելի բոլորին, ինչի շնորհիվ էլ հնարավոր է վերահսկողություն սահմանել և ապահովել գործընթացի հաշվետվողականությունը: Ռեկտոր Մհեր Մակիչյանը կարևորեց դասընթացների անցկացման բովանդակային կողմը, ինչին կարելի է հասնել միայն հետադարձ կապի ապահովման միջոցով: Նա առաջարկեց հետևողական լինել նաև ուսանողների ներգրավվածության, դասերին նրանց մասնակցության նկատմամբ՝ ոչ միայն ամեն օր հաշվառում կատարելով, այլև գնահատելով հեռավարի փոքրիկ էկրանից դասերին միացած ուսանողի ակտիվությունն ու հետաքրքրվածությունը: «Մինչ այս պահը հեռավար դասընթացները իրականացվել են հիմնականում zoom հարթակով, օգտագործվել են նաև կապի այլ միջոցներ` viber, messenger, WhatsApp, էլեկտրոնային փոստ: Ի սկզբանե մեզ համար ընդունելի են եղել բոլոր տարբերակները՝ պայմանավորված ուսանողներին դրանց հասանելիությամբ, մատչելիությամբ և նպատակահարմարությամբ: Կարևորը վերջնարդյունքն է, կարևորն այն է, որ բուհում որևէ գործընթաց արտակարգ ռեժիմի պատճառով չդանդաղի կամ թերի չկատարվի: Խոսքը ոչ միայն դասընթացների կազմակերպման մասին, այլև նախատեսված այլ աշխատանքների՝ առարկայական ծրագրերի թարմացում, ՄԿԾ-ների վերանայում, դասախոսությունները էլեկտրոնային տարբերակների վերածում: Ուստի պետք է խնդրեմ բոլոր աշխատակիցներին՝ խնդիրների, ծագած դժվարությունների դեպքում անմիջապես դիմել բուհի ղեկավարությանը՝ լուծումներ գտնելու, հարցերը շուտափույթ կարգավորելու համար»,- նշեց Մ. Մակիչյանը:
Հեռավար խորհրդակցության մասնակիցներն անդրադարձան նաև էլեկտրոնային մատյանների՝ մոտ օրերս ուսանողներին հասանելի լինելու, հեռավար հարթակներից օգտվել չկարողացող դասախոսներին վերապատրաստելու, ոչ նախաձեռնող ուսանողներին դասընթացներում ներգրավելու, բուհի հեռավար ուսուցման moodle հարթակը վերագործարկելու հարցերին: Վերջինիս պատասխանատու Ա. Ալեքսանյանը նշեց, որ հաքերային հարձակումից հետո վերագործարկված հարթակը առաջիկայում կկիրարկվի՝ հնարավորություն տալով ուսանողներին հանձնելու միջանկյալ քննությունները: Ա. Ալեքսանյանը նաև նշեց, որ պատրաստում է հեռավար ուսուցման ուղեցույց, ինչի շնորհիվ ցանկացած ուսանող և դասախոս հեշտությամբ կկարողանա մուտք գործել հեռավար ուսուցման հարթակ՝ օգտվելով առցանց դասավանդման համար նախատեսված գործիքակազմից:
Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձան նաև ավարտական աշխատանքների կատարման ընթացքին: Ինչպես նրանք նշեցին, այս ուղղությամբ ևս ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քայլերը, ուսանողները մշտական կապի մեջ են իրենց գիտական ղեկավարների հետ, ստանում են անհրաժեշտ ցուցումները և ավարտական աշխատանքների պաշտպանությունները տեղի կունենան ըստ նախատեսված ժամանակացույցի:
Հաջորդ հաշվետու հեռավար խորհրդակցությունը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը՝ 16:00-ին: