Հյուսիսային համալսարանը նշեց հիմնադրման 25-ամյակը
Արդեն 25 տարի Հյուսիսային համալսարանը ՀՀ բուհական համակարգում զբաղեցնում է իր պատվավոր տեղը: Քսանհինգ տարի շարունակ բուհի ղեկավարությունն ու աշխատակազմը ներդրել են ողջ ջանքերը՝ Հյուսիսային համալսարանում բարձրորակ կրթություն իրականացնելու և որակյալ մասնագետներ թողարկելու համար:
Ավանդաբար նշվող Համալսարանի օրն այս անգամ տարբերվում էր նախորդներից. այն հոբելյանական էր, միևնույն ժամանակ ամփոփումն էր 2020-2021 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպված միջոցառումների, որոնք համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով հանդիսավորությամբ չէին նշվել: Եվ ամենակարևորը, ավարտական վկայականներ հանձնվեցին բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողներին:
Հոբելյանական հանդիսության մեկնարկը տրվեց ռեկտոր Մհեր Մակիչյանի ողջույնի խոսքով: Պատմելով բուհի անցած ուղու, ձեռքբերումների, պարբերաբար իրականացվող ծրագրերի մասին՝ Մ. Մակիչյանը նախ անդրադարձավ համալսարանի հիմնադիր ռեկտոր, երջանկահիշատակ Բորիս Մակիչյանի այն հսկայական ջանքերին, որոնց շնորհիվ էլ համալսարանը դարձել է ՀՀ բուհական համակարգի օրինակելի կրթօջախներից մեկը: Ռեկտորն այնուհետև խոսեց վերջին 1-2 տարիների կատարած աշխատանքների մասին, որոնք, անկախ համավարակի հարուցած դժվարություններին, կյանքի են կոչվել աշխատակիցների և ուսանողների ջանքերի շնորհիվ: Մ. Մակիչյանն իր խոսքում նշեց նաև, որ բուհի ողջ անձնակազմը պատերազմի օրերին արել է հնարավոր ամեն ինչ՝ տարբեր նախաձեռնություններով առաջնագծին օգտակար լինելու, իսկ հետագայում նաև պատերազմին մասնակից իր ուսանողներին թև ու թիկունք լինելու համար:
Ռեկտորը շնորհավորեց նաև գերազանցությամբ բուհն ավարտած ուսանողներին՝ հույս հայտնելով, որ հետագա գործունեության ընթացքում նրանք բարձր կպահեն համալսարանի բարի համբավը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտումը՝ որակյալ կրթության ու լավագույն փորձի համադրմամբ» միջբուհական գիտաժողովի ժողովածուի շնորհանդեսը, որին հրավիրված էին ինչպես համալսարանի, այնպես էլ տարբեր բուհերի՝ գիտաժողովին մասնակից ուսանողներն ու նրանց ղեկավարները: Ցավոք, շնորհանդեսին բացակայում էր լավագույն հոդվածներից մեկի հեղինակը՝ մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանող Ալեն Մարգարյանը, որը զոհվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում: Հերոս որդու փոխարեն ներկա էր մայրը՝ տիկին Նազելի Տերտերյանը, որն էլ անչափ հուզեց ներկաներին իր մորմոքուն, բայց և հպարտ ու արժանապատիվ խոսքով ու կեցվածքով:
Համալսարանի հիմնադրման 25-ամյակի նվիրված միջոցառմանը հավաստագրեր հանձնվեցին 2019-2020 ուսումնական տարում ուսանողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում լավագույն ճանաչված դասախոսներին, ինչպես նաև իրավաբանական կլինիկայի իրավաբան-խորհրդատուներին: «Ես՝ Հյուսիսային համալսարանի շրջանավարտս, 5-10-20 տարի անց (իմ մասնագիտական սպասելիքները բուհից)» շարադրության մրցույթին մասնակցած ուսանողները ևս արժանացան շնորհակալագրերի ու հավաստագրերի:
2020-2021 ուսումնական տարում Հյուսիսային համալսարանը կյանք ճանապարհեց 32 գերազանցիկ շրջանավարտի, որոնցից ութը բակալավր, քսանչորսը՝ մագիստրոս: Միջոցառման ավարտին նրանց հանձնվեցին գերազանցության վկայականները՝ բարեմաղթանքի ջերմ խոսքերով ու աշխատաշուկայում լավագույնս դրսևորվելու ցանկությամբ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
Բուլղարիայում սովորելու հնարավորություն
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԻՆ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Բուհ-գործատու-մասնագետ» համագործակցության շրջանակում տեղի ունեցավ «Ժամանակի մարտահրավերները մանկավարժին» խորագրով առցանց քննարկում-հանդիպումը: Գործընթացին մասնակցում էին հիսունչորս ներկայացուցիչներ՝ կրթական հաստատությունների տնօրեններ, փոխտնօրեններ, մանկավարժներ, ինչպես նաև Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչության և ամբիոնների ներկայացուցիչներ:
Հանդիպման սկզբում մասնակիցները գրավոր տարբերակով ներկայացրին մանկավարժական գործընթացում ծագող խնդիրները, ապա դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։
Համապատասխան հանձնաժողովի կողմից անհատապես դիտարկվեցին բոլոր լրացված ձևաթղթերը, խմբավորվեցին և ընտրվեցին առավել արժանահավատները, որոնք ներառում էին նաև հաղթահարման տարբերակներ, ապա ձևավորվեց լավագույն գաղափարների հնգյակը։
Արժևորելով մրցունակ գաղափարների կարևորությունը՝ առաջատար գաղափարների հեղինակների հետ ձևավորվեցին գործընկերային հարաբերություններ՝ ներկայացված խնդիրների շրջանակներում հնարավոր հաղթահարման մեխանիզմներ մշակելու և կյանքի կոչելու փոխադարձ համաձայնությամբ:
Եվ ինչպես նախատեսված էր, «Ժամանակի մարտահրավերները մանկավարժին» խորագրով քննարկում-հանդիպման լավագույն գաղափարների հեղինակներին բուհի կողմից պետք է տրվեին հավաստագրեր։ Ուստի բոլորովին վերջերս, հյուրընկալվելով բուհում, նրանք հանդիսավոր պայմաններում ստացան վաստակած հավաստագրերը՝ մյուս մասնակիցներին ներկայացնելով իրենց առաջադրած գաղափարները։
Շնորհավորում ենք լավագույն գաղափարների հեղինակներին, որոնք են՝
- Անուշ Համբարձումյանը («Փոխհամագործակցություն-ԲՈՒՀ-դպրոց ձևաչափով»),
- Իրինա Ադամյանը,(«Ներառական կրթության- օնլայն հարթակ»)
- Մարիետա Նահապետյանը, («Ինտերակտիվ կրթություն- հեղինակային ծրագրի կիրառմամբ»),
- Մարինե Սուքիասյանը, («Ճգնաժամային իրավիճակներ-կրթություն»),
- Աննա Վարդանյանը, («Ուսուցչի օգնական-արժևորվող գործընթաց»):
Շնորհակալ ենք մեր հարգելի համախոհներին՝ մեզ վստահելու և աջակցելու համար: