Ալեն Մարգարյանի տապանաքարին Ազնավուրի գիրքն էր…
Գնացինք Եռաբլուր՝ անմահներին այցելության: Ի տարբերություն մեզ՝ տղաները խաղաղ էին, հանդարտ ննջում էին՝ իրենց պարտքը անմնացորդ կատարողի ինքնավստահությամբ: Նրանք հարցեր ու կասկածներ չունեին, քանի որ անմահացել էին հաղթողի գիտակցությամբ: Նախանձելի էր նույնիսկ…
Տապանաքարերի վրայի դաջված շատ անուններ՝ երբեմն խիստ փաղաքշական ու նույնիսկ մանկական, հուշում էին, որ նրանցից շատերը դեռ երեկ աշակերտներ էին և իրենց ծնողների համար ընդմիշտ կմնան որպես Դավո, Լյովիկ, Ապեր կամ Սուրո:
Որոշ տապանաքարերի վրա կոնֆետներ կային, նաև ծխախոտի տուփեր, Արցախի հերոս Ալեն Մարգարյանի տապանաքարին նաև Ազնավուրի գիրքն էր՝ խնամքով դրված անմիջապես նկարի տակ:
Եռաբլուր մտնող ավտոմեքենաներից մեկում հսկայական փուչիկներ նկատեցի՝ 20-ի տեսքով, առջևում նստած սևազգեստ մոր գրկում տորթ էր: Եկել էին զավակի ծննդյան օրը միասին նշելու…
Եռաբլուր զինվորական պանթեոնում զուսպ եռուզեռ է ու մինչև երկինք հասնող խնկահոտ: Շատերի համար անմահների կացարանն արդեն երկրորդ տուն է դարձել, նրանք այստեղից են ապրելու լիցքեր ու կամք ձեռք բերում՝ քաջերից, անմահներից, առանց որևէ կասկածի հերոսացածներից:
Հավերժ փառք ձեզ:
Հարգելի ուսանողներ, գործընկերներ, առաջարկում ենք մասնակցել ՀՀ գլխավոր դատախազության գործընկերությամբ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից անցկացվող «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթին: Ի դեպ, այն անցկացվում է ամեն տարի:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության 14-ից 35 տարեկան քաղաքացիները (ֆիզիկական անձինք կամ ստեղծագործական խմբեր):
Մրցույթի շրջանակներում որպես հակակոռուպցիոն սոցիալական գովազդ պետք է պատրաստել պաստառներ կամ տեսահոլովակներ և մինչև հոկտեմբերի 1-ը ուղարկել www.anticorruption.life պաշտոնական կայքին՝ ըստ համապատասխան կարգավորումների:
Ներկայացվող պաստառներում և տեսահոլովակներում պետք է յուրօրինակ, ինքնատիպ, դիպուկ և տպավորիչ կերպով արտացոլվեն կոռուպցիայի՝ որպես անհանդուրժելի սոցիալական, հասարակական երևույթի կողմերը, ամենատարբեր ոլորտներում դրա դրսևորումների և բացասական հետևանքների, այդ չարիքի դեմ պայքարի, իրավապահ մարմիններից հիմնական ակնկալիքների ու պահանջների, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ հեղինակի պատկերացումները:
Մրցույթն անցկացվում է կոռուպցիայի հակազդման միջազգային համագործակցության շրջանակներում՝ այդ բացասական երևույթի դեմ պայքարի համընդհանուր ընկալման ձևավորման, դրանում երիտասարդության ներգրավվածությունը խրախուսելու նպատակով: