Լույս է տեսել «Հյուսիսային համալսարան» պաշտոնաթերթի հերթական համարը, որում ներառված են բուհական անցուդարձն արտացոլող նյութեր, ուսանողական միջոցառումների, տարաբնույթ նախաձեռնությունների մասին պատմող հոդվածներ:
Այս ուսումնական տարին առանձնահատուկ էր Հյուսիսային համալսարանի համար, քանի որ մարտի 20-ին բուհը վերահավատարմագրվեց չորս տարի ժամկետով՝ թևակոխելով զարգացման նոր փուլ: Այս առիթով շնորհավորում ենք բոլորին՝ մաղթելով նոր հաջողություններ ու եռանդ՝ առաջիկա ծրագրային հավատարմագրմանը պատվով դիմակայելու համար:
Հավելենք նաև, որ ՀՀ կառավարության կողմից 2018 թ. մայիսի 24-ի որոշմամբ Հյուսիսային համալսարանին պետպատվերով կրթության իրավունք է շնորհվել, ինչը, հուսով ենք, շարունակական կլինի:
Նկատի ունենալով մասնակիցների (կառավարման) խորհրդի նախագահ Բ. Մակիչյանի՝ կրթական, հասարակական կյանքին ակտիվ ներգրավվածությունը՝ ՀՀ ԿԳ նախարարի 2018թ. մայիսի 26-ի որոշմամբ Բ. Մակիչյանը կրկին ընդգրկվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմում, իսկ նախկին նախարարի՝ դեռևս մարտի 23-ի որոշմամբ Բ. Մակիչյանի թեկնածությունը ներկայացվել է ՀՀ վարչապետին՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման արժանացնելու համար:
2017-18 ուսումնական տարում համալսարանն ապրեց բուռն ու հետաքրքիր կյանքով, հավատարմագրման շրջանակներում հյուրընկալեց ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա փորձագետների և նրանց դրական եզրակացությունների հիման վրա էլ ստացավ լիիրավ հավատարմագրում:
Հավելենք, որ Հյուսիսային համալսարանը ներկայումս միակ ոչ պետական բուհն է, որը հավատարմագրվել է երեք անգամ՝ 2001, 2015 և 2018 թվականներին: Վերջին երկու հավատարմագրերը բուհը ստացել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից: