Բաց դասախոսություն. «Լեհաստանի տարածաշրջանային զարգացման ֆինանսավորումը (ընտրովի խնդիրներ)»
Սեպտեմբերի 26-ին Հյուսիսային համալսարանում «Կառավարում» մասնագիտությամբ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար բաց դասախոսությամբ հանդես եկավ Շլոնսկի համալսարանի (Կատովիցե, Լեհաստան) դոցենտ Հրայր Մաղաքյանը: Մեր հայրենակիցը երկար տարիներ ապրելով և ստեղծագործելով Լեհաստանում՝ բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել Լեհաստանի տնտեսական կյանքի զարգացման վերաբերյալ: Սակայն նրա հետազոտությունների շրջանակում կարևոր տեղ են զբաղեցնում հատկապես Լեհաստանում բնակվող հայերը, նրանց դերը երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:
Դասախոսության թեման էր «Լեհաստանի տարածաշրջանային զարգացման ֆինանսավորումը (ընտրովի խնդիրներ)»: Նպատակը՝ ուսանողներին ներկայացնել Լեհաստանի հանրային ֆինանսների կառավարման առանձնահատկություններին: Բանախոսը հանգամալից ներկայացրեց Լեհաստանում տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների կատարման գործառույթները, ինչը նորություն էր հայ ուսանողների համար:
Դասախոսությունն անցավ բուռն քննարկումներով ու հետաքրքիր հարցադրումներով. Հյուսիսային համալսարանի ուսանողները զարմանալի ակտիվություն ցուցաբերեցին թեմայի վերաբերյալ:
Դասախոսության ավարտին Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը շնորհավորեց ներկաներին Լեզուների եվրոպական օրվա կապակցությամբ և իր խոսքում կարևորեց այն փաստը, որ նմանատիպ դասախոսությունները անհրաժեշտ են ուսանողների համար և կարող են նոր գիտելիքներ և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն ընձեռել։