logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

 

logo nu coloured

(Բարձր գնահատելով մարդկային ներուժն ու ստեղծարար միտքը…)

Շատ կուզեի խոսքս սկսել «Հաղթել ենք» հեշթեգով․․․ Չէ՞ որ բոլորս հավատում էինք այդ բաղձալի հաղթանակին և թվում էր՝ արեցինք հնարավորը այն մոտեցնելու համար։ Յուրաքանչյուր դրամը՝ Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբերած, օրեր ձգվող հերթերում արյուն հանձնելու մեր պահին անտրտունջ, նույնիսկ ներքին հպարտությամբ սպասելը, ունեցած–չունեցած տաք հագուստն ու սնունդը արցախցի մեր հայրենակիցներին վայրկյան առաջ հասցնելը, «թուղթը զենք դարձնելը», հոգեբանական աջակցություն կազմակերպելը, կամավորական ամենատարբեր աշխատանքներում ներգրավվելն ու ազգովի աղոթելը թելադրված էր ներքին մի մղումով, որ այս ամենը փոքր–ինչ կմոտեցնի հաղթանակը, որ վայրկյան առաջ կլռեն թնդանոթները, որ ամեն օր սոսկումով չենք սպասի հայրենիքի համար նահատակված հերոսների ցուցակին՝ այնտեղ փնտրելով նաև մեր հարազատի անունը(թեպետ նրանք բոլորն են մերն են)։ Որ Արցախի քարտեզի հարավային հատվածի կարմիրը կնահանջի հայ զինվորի ոգու և մարտական սխրանքների առաջ․․․Որ վերջիվերջո կթոթափենք ցեղասպանվածի՝ մշտապես մեզ կրծող ամոթն ու կվերահաստատենք, կամրապնդենք Արցախյան առաջին պատերազմի հաղթանակները ։ Որ․․․ Այսօր մենք դատապարտված ենք ապրելու առանց «հաղթանակի սպասման»։ Գոնե առժամանակ։ Ու նույնիսկ չենք կարող մխիթարվել, որ մեզ մնաց «արտերի ոսկեգույնը»։ Ցավոք, մեզ բաժին հասավ արյան կարմիրը, և այսօր բոլորս կյանքը վերաարժևորելու, մեր քարուքանդ ներաշխարհը «վերակազմավորելու» և առաջ շարժվելու խնդիր ունենք։ Ամեն օր մեզ «ամրագրված» պարտականությունները կատարելու անհնարինությունն ենք փաստում՝ օգնություն փնտրելով հայոց մեծերի լավատեսական «ստատուսներում» կամ Վանգայի հայանպաստ գուշակություններում։ Շատ հիմնավոր ու արդարացված պատճառներով անգործության մատնվելով՝ մենք մեզ վտանգում ենք եղածը կորցնելուն։ «Ի՞նչ անել» հարցի պատասխանը Իսրայելի նախկին վարչապես Շիմոն Պերեսն արդեն տվել է՝ աշխատել չհուսահատվելով՝ բարձր գնահատելով մարդկային ներուժն ու ստեղծարար միտքը․․․ ․․․Հիշեցի, որ հաշվետվություն պետք է ներկայացնել Հյուսիսային համալսարանի՝ ռազմական դրության պայմաններում հասարակությանը մատուցած ծառայությունների վերաբերյալ։ Կետ առ կետ։ Հանկարծ եթե «նախարարությունից մարդ գա ստուգումների» ու փորձեն պարզել, թե բուհը որքանով է կատարում Ռազմավարական ծրագրով նախանշված իր գործառույթները մասնավորապես «հասարակությանը մատուցած ծառայությունների գծով», մենք հրապարակումների լինկեր ունենանք․․․ Ծառայությունների մասին՝ ներքում, բայց ամենակարևոր՝ վերջում։ 1. Հոգեբանական աջակցություն: Բուհի հոգեբանության ֆակուլտետի 4–րդ կուրսի ուսանողների և դասախոսների(ղեկավար՝ Մ․ Մամիկոնյան) ուժերով հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել Արցախից ՀՀ տեղափոխված ընտանիքների երեխաներին ու մեծահասակներին// https://www.northern.am/index.php/hy/news/377-hogeban

2. Համալսարանի աշխատակիցների և ղեկավարության կողմից շուրջ չորս միլիոն դրամ է փոխանցվել Հայաստան համահայկական հիմնադրամին և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (կտրոններն առկա են):

3. Բուհի աշխատակիցներից և ուսանողներից շատերը դոնորական արյուն են հանձնել պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանության ինստիտուտում(չենք լուսանկարել, մի տեսակ անհարմար էր):

4. Համալսարանի նկուղային հարկերը համապատասխանեցվել են քաղպաշտպանության պահանջներին՝ բուհի աշխատակիցների, ուսանողության ու հարակից շենքերի բնակիչների համար: Կազմակերպվել է նաև առաջին բուժօգնության դասընթացներ աշխատակիցների և ուսանողների համար// https://www.northern.am/index.php/hy/news/376-seminar

5. Ակտիվորեն մասնակցել ենք <Թուղթը վերածենք զենքի> նախաձեռնությանը: Բուհի կողմից հատկացված շուրջ մեկ տոննա թուղթ զենք է դարձել// https://www.northern.am/index.php/hy/news/384-zenq

6․ Նշյալ գործընթացները համակարգող հասարակայնության հետ կապերի բաժնի և ուսխորհուրդի նախաձեռնությամբ համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները հավաքել են հագուստ, անհրաժեշտ պարագաներ, սնունդ` տարհանված արցախցիների համար՝ բուհի տրամադրած տրանսպորտային միջոցներով հասցնելով դրանք Աղվերան, Բյուրեղավան, Դավթաշենի համայնք։ Հավաքված իրերի մի զգալի մասն էլ փոխանցվել է «Մոսկվայի տուն» կենտրոնի՝ արցախցիների հարցերով զբաղվող նախաձեռնող խմբին։

7․ Բուհի աշխատակիցներից ու ուսանողներից շատերը ներգրավվել են ամենատարբեր կամավորական աշխատանքներում՝ հագուստի ու սննդի փաթեթավորում, արտերկրից ստացված հումանիտար օգնության բեռնաթափում։ 8․ Ուսխորհրդի փոխնախագահի նախաձեռնությամբ և բուհի ղեկավարության ֆինանսավորմամբ կազմակերպվել է այցելություն X զորամաս՝ զինծառայողներին հոգեբանական օգնություն մատուցելու և անհրաժեշտ պարագաներ հատկացնելու նպատակով։ 9․ Այս ամենին զուգահեռ՝ բուհի որոշ աշխատակիցներ հանդես են եկել նաև անհատական նախաձեռնություններով։ Մասնավորապես, դասախոս, նկարիչ Արմեն Լոռենց Հարությունյանը ռազմական դրության հենց առաջին օրերից աճուրդի միջոցով վաճառել է իր կտավները և փոխանցել գումարը Հայաստան համահայկական հիմնադրամին: Այս եղանակով նա նվիրաբերել է ավելի քան մեկ միլիոն դրամ// https://www.northern.am/index.php/hy/news/380-lorenc

Հ․ Գ․ Ամենակարևորն այս ամենի մեջ թերևս բոլորիս համախմբվածություն ու սրտացավությունն էր, անշահախնդիր օգնելու, անծանոթ մարդուն ձեռք մեկնելու, վիշտը կիսելու պատրաստակամությունը։ Այս երկրի նվիրյալ քաղաքացին լինելու գիտակցումը։ Մի բան, որը խաղաղ գոյության պայմաններում հաճախ բացակայում է, և առանց որի այս հաշվետվությունն անհնար կլիներ գրել։

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Главные новости

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...

Հայտարարություն

23.12.2020
Հայտարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամա...