logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

Asatryan Small

 

Նա ուսուցիչ էր բառիս լայն իմաստով…

Կյանքից հեռացել է Հյուսիսային համալսարանի գիտական  հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության  կենտրոնի ղեկավար, անվանի գիտնական, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հումանիզմի պրոբ­լեմների ակադեմիայի նախագահ, մանկավարժական գործի հմուտ կազմակերպիչ   Գրիգոր Ասատրյանը:

Ցավակցում ենք վաստակավոր գիտնականի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Ցավակցում ենք մեզ բոլորիս…

…Երջանկահիշատակ ռեկտոր Բորիս Մակիչյանը բոլոր առիթներին միշտ շեշտում էր, որ բուհի և անձամբ իր ամենամեծ ձեռքբերումը Գրիգոր Ասատրյանին Հյուսիսային համալսարանում  որպես պրոռեկտոր աշխատանքի հրավիրելն էր: «Ես նրան «գողացա» այլ բուհից»,-հպարտանում էր պարոն Մակիչյանը՝ Գրիգոր Եգորիչի կենսագրության, հարուստ ու հայրենանվեր գործունեության, մարդկային ու մասնագիտական  բացառիկ որակների մասին խոսելիս միշտ շեշտելով նրա ծայրաստիճան ազնվությունն ու անաչառությունը:

Մեզ բախտ վիճակվեց աշխատել Գրիգոր Ասատրյանի հետ: Ամեն մի շփումը նրա հետ նույնիսկ ոչ աշխատանքային պայմաններում մի առանձնահատուկ դաս էր մասնագիտական, մարդկային հաղորդակցման ու նրբանկատության առումով: Ապշեցնում էր բացառիկ գրագիտությամբ, վարչական աշխատանքի նրբությունների կատարյալ իմացությամբ և այդ ամենը  բուհի աշխատակիցներին ու միջավայրին հաղորդելու պատրաստակամությամբ: Նա ուսուցիչ էր բառիս լայն իմաստով: Միշտ պարտաճանաչ,  միշտ առաջինը, միշտ օրինակելի: Իսկական գիտնականին վայել ջանասիրությամբ աշխատում էր օրնիբուն: Մինչև չարաբաստիկ հիվանդությունը  (քովիդ) մեկ վայրկյան անգամ չլքեց գիտության ոլորտը: Մեր վերջին հանդիպման ժամանակ հպարտությամբ խոսում էր արտերկրի հեղինակավոր գիտական հանդեսներից մեկի՝ իր հոդվածի վերաբերյալ հիանալի գրախոսականի ու դարձյալ տպագրվելու առաջարկի մասին՝ ներկայացնելով առաջիկա իր ծրագրերը…

Մեծ է կորուստը: Գրիգոր Ասատրյանը ոչ միայն մի ամբողջ դարաշրջանի լավագույն ավանդույթների կրողն էր, հանրագիտարանային գիտելիքների տեր մտավորական, այլև ապագայի մարդ ու գիտնական, քանի որ փիլիսոփայական իմաստնությամբ միշտ առաջ էր նայում՝ երբեք չբավարարվելով ձեռք բերածով...

Գրիգոր Եգորի Ասատրյանը ծնվել է 1935 թվականի օգոստոսի 31-ին, Էջմիածնի շրջանի Խզնավուզ (ներկայումս` Արագած) գյուղում:

Ծննդավայրի յոթնամյա, ապա՝ հարևան Աղավնատուն գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել և 1958 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պե­տական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Նույն թվականին ընդունվել և 1962 թվականին ավարտել է (արտադրությունից չկտրված) Հայաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրա­վունքի ինստիտուտի ասպիրանտուրան, այնուհետև պաշտպանել դի­սերտացիա և ստացել փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:Համալսարանն ավարտելուն պես՝ 1958 թվականի հունիսին, նա պետա­կան գործուղումով աշխատանքի է անցել Սովետական Հայաստանի Մի­նիստրների սովետի սովետական վերահսկողության հանձնաժողո­վում (1962 թվականից` Սովետական Հայաստանի պետական վերա­հսկո­ղության կոմիտե, Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի կուսակցական-պետական վերահսկո­ղության կոմիտե, այնուհետև` ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտե): Տարիներ շարունակ նա եղել է այդ հիմնարկության կուսակցական կազ­­­մակերպության բյուրոյի քարտուղարը, ընտրվել Հայաստանի կոմկուսի Երևան քաղաքի Սպանդարյանի շրջկոմի անդամ, Սպան­դարյանի շրջանային խորհրդի դեպուտատ:

1970 թվականին Գ.Ասատրյանն առաջ է քաշվել և ընտրվել Հայաստանի կոմկուսի Սպանդարյանի շրջանային կոմիտեի երկրորդ քարտուղար, որտեղ աշխատել է մինչև 1977 թվականը: 1977-1978 թվա­կաններին նա զբաղեցրել է Հայաստանի կոմկուսի Երևանի քաղաքային կոմիտեի պրոպագանդայի բաժնի վարիչի պաշտոնը:

1978 թվականին Գ.Ասատրյանն առաջ է քաշվել ղեկավար աշ­խատանքի. ընտրվել է Հայաստանի կոմկուսի Երևան քաղաքի Սպան­դարյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար, որտեղ աշխատել է մինչև 1983 թվականը: Այդ ընթացքում՝ 1980-1981 թվականներին, նա Խորհրդային Միության կոմկուսի Կենտկոմի որոշմամբ, պահպանելով Սպանդարյանի շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, աշխա­տան­քի է գործուղվել Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ աշխատել է որպես Խորհրդային Միության կոմկուսի Կենտկոմի խորհրդական՝ Աֆղանստանի ժողովրդադեմոկրատական կուսակցու­թյան Կենտկոմում:

1983 թվականին Գ.Ասատրյանն աշխատանքի է տեղափոխվել Հայաստանի կոմկուսի Կենտկոմ և նշանակվել Կենտկոմի պրոպագան­դայի բաժնի վարիչ: 1989 թվականի հունվարին Հայաստանի կոմկուսի հումանիտար պրոֆիլի բոլոր  4 բաժինների (պրոպագանդայի, գիտության և ուսումնական հաստատությունների, կուլտուրայի, ինֆորմացիայի և արտասահմանյան կապերի) միավորման կապակցու­թյամբ Գ.Ասատրյանը նշանակվել է Կենտկոմի նորաստեղծ միացյալ ստորաբաժանման` գաղափարախոսական բաժնի վարիչ:

1989 թվականի մայիսին Գ.Ասատրյանն ընտրվել է Հայաստանի կոմկուսի Երևանի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար՝ աշխա­տելով մինչև 1990 թվականի օգոստոս ամիսը:

Գ.Ասատրյանը մի շարք անգամներ ընտրվել է Երևանի քաղա­քային խորհրդի, Խորհրդային Հայաստանի 10-րդ և 11-րդ գումարում­ների Գերագույն խորհրդի դեպուտատ, 1989-1990 թվականներին եղել է Գերագույն խորհրդի մանդատային հանձնաժողովի նախագահը:

Նա բազմիցս ընտրվել է Հայաստանի կոմկուսի Երևա­նի քաղաքային կոմիտեի անդամ, Կենտկոմի անդամության թեկնածու, Կենտկոմի անդամ: 1989-1990 թվականներին Գ. Ասատրյանը եղել է Հայաստանի կոմկուսի Կենտկոմի բյուրոյի անդամ: 1990-ին որպես պատգամավոր մասնակցել է Խորհրդային Միության կոմկուսի 28-րդ համագումարին, ընտրվել համագումարի ղեկավար մարմինների կազմում:

Գ.Ասատրյանի ծառայությունները նշվել են բազմաթիվ կառավարական պարգևներով: Նա պարգևատրվել է «Պատվո նշան» երկու շքանշաններով (1976, 1981), Խորհրդային Միության, Ռուսաստանի Դաշնության և Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության մի շարք մեդալներով, Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրերով, կառավարական այլ պարգևներով:

Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության պրեզի­դեն­տի հրամանագրով պարգևատրվել է «Երախտապարտ աֆղանա­կան ժողովրդից» շքանշանով, Աֆղանստանի կառավարական այլ պար­գևներով: 1988 թվականի դեկտեմբերին նա Խորհրդային Միության Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվել է «Ինտերնացիոնալիստ մարտիկին» շքանշանով և «Աֆղանստանի Հանրապետությունում ինտերնացիոնալ պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և ռազմական սխրագործության համար» պատվոգրով:

1970 թվականից սկսած՝ նա ղեկավար աշխատանքին զուգընթաց զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ` տարիներ շարունակ դասախոսական աշխատանք կատարելով հանրապետության բուհերում, ինչպես նաև «Գիտելիք» ընկերության համակարգում: Դասախոսական ակտիվ ու բեղուն աշխատանքի, գիտական գիտելիքների տարածման համար նա պարգևատրվել է Համամիութենական «Գիտելիք» ընկերության վարչության պատվոգրով, արժանացել  ակադեմիկոս Ս.Ի.Վավիլովի անվան ոսկե մեդալի:

Հետխորհրդային շրջանում Գ.Ասատրյանն աշխատել է ոչ պետա­կան կազմակերպություններում, վարել Հայաս­տանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխպրեզիդենտի և գործա­դիր տնօրենի պաշտոնները:

Վերջին 20 տարիներին Գ.Ասատրյանն աշխատել է Հայաստանի Հանրապետության ոչ պետական բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում և անմնացորդ նվիրվել բարձրագույն կրթության կազմակերպմանը, գիտամանկավարժական գործունեությանը, աճող սերնդի կրթությանն ու դաստիարակությանը:

1996 թվականից նա աշխատել է Հայկական բաց համալսարանում` սկզբում  որպես մենեջմենթի ֆակուլտետի դեկան, ապա` պրոռեկտոր, առաջին պրոռեկտոր՝ միաժամանակ որպես փիլիսոփայության ամբիոնի վարիչ և դասախոս:

2001 թվականին նա տեղափոխվել է Երևանի Հյուսիսային համալսարան, որտեղ մինչև վերջ աշխատել է որպես պրոռեկտոր՝ 2014 թվականից միաժամանակ ղեկավարելով նաև համալսարանի նորաստեղծ գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնը:

Հյուսիսային համալսարանում աշխատելու տարիներին Գ.Ասատրյանն իրեն դրսևորել է որպես բուհական գործի հմուտ կազմակերպիչ, խորագիտակ հետազոտող ու բարձրակարգ դասախոս:

Համալսարանում  վարչական-կազմակերպական ախատանքին զուգընթաց նա զբաղվել է ակտիվ դասախոսական աշխատանքով: Նա «Փիլիսոփայություն» է դասավանդել համալսարանի բակալավրիատում, «Տնտեսագիտության փիլիսոփայական պրոբլեմները», «Եվրոպական փիլիսոփայության պատմություն»՝ մագիստրատուրայում, «Գիտության փիլիսոփայություն և մեթոդաբանություն»՝ համալսարանի հետբուհական մասնագիտական կրթության համակարգում:         

Նա իր մասնագիտությանը խորապես տիրապետող հմուտ դասախոս էր, որի դասախոսություններն աչքի են ընկել մատուցվող նյութի խորությամբ ու մատչելիությամբ, հարցադրումների թարմությամբ, հստակությամբ ու կոնկրետությամբ, շարադրանքի պարզությամբ ու փաստարկվածությամբ, լեզվի մաքրությամբ և լսվել են մեծ հետաքրքրությամբ: Տարիներ շարունակ նա բարեխղճորեն ու պատասխանատվության բարձր զգացումով է վերաբերել «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի իր պարտականությունների կատարմանը:

«Կրթության ոլորտում ներդրած ավանդի համար և համալսարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ» 2006-ին Գ.Ասատրյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով:

Օրինակելի աշխատանք համար նա բազմիցս արժանացել է խրախուսանքների, Հյուսիսային համալսարանի հուշամեդալների ու պատվոգրերի: 2012-2013 ուսումնական տարում նրա ղեկավարած լրագրության և հասարակագիտական առարկաների ամբիոնը ճանաչվել է Հյուսիսային համալսարանի «Լավագույն ամբիոն»: 2014-2015 ուսումնական տարվա արդյունքներով նա հաղթող է  ճանաչվել համալսարանում առաջին անգամ անցկացվող «Լավագույն հետազոտող» մրցանակաբաշխությունում:

Գ.Ասատրյանը մենագրությունների և Հայաստանի ու արտերկրի գիտական պարբերականներում ու ժողովածուներում տպագրված գիտահետազոտական ու գիտամեթոդական բնույթի բազմաթիվ հոդվածների հեղինակ էր, գիտության ու կրթության արդի հիմնախնդիրներին նվիրված հանրապետական ու միջազգային մի շարք գիտաժողովների մասնակից: Միայն 2014 թվականին նա հրատարակել է 9 հոդված, որոնցից չորսը՝ արտասահմանյան երկրների (Ռուսաստան (Սանկտ Պետերբուրգ), Գերմանիա (Մյունխեն), Ավստրիա (Վիեննա) և այլն) գիտական հոդվածների ժողովածուներում ու գիտական պարբերականներում, իսկ հինգը՝ Հայաստանի առավել հեղինակավոր գիտական պարբերականներում (ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդես» և «Լրաբեր» հասարակական գիտությունների, «Բանբեր Երևանի համալարանի», «Կանթեղ» և «Ակունք» գիտական պարբերականներ):

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության կողմից վերջերս լույս ընծայված նրա «Հումանիզմը նոր հազարամյակի հիմնախնդիրների համատեքստում» ստվարածավալ մենագրությունը, արծարծվող հարցերի արդիականությամբ, մասշտաբայնությամբ ու խորությամբ աննախադեպ լինելով հայ իրականության մեջ, միաժամանակ հանդիսանում է ուշագրավ ու արժեքավոր հետազոտություն միջազգային չափանիշներով:

Գ.Ասատրյանը Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի իսկական անդամ էր: Նա հասարակական հիմունքներով գործող մի ինք­նատիպ գիտահետազոտական կազմակերպության` Հումանիզմի պրոբ­լեմների ակադեմիայի հիմնադիրներից էր ու նրա նախագահը:

Գ.Ասատրյանը Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոկտորանտ էր, այդ համալսարանում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի ղեկավարությամբ գործող ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի փիլիսոփայության և հոգեբանության 064 մասնագիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, և խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն նրան շնորհել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 

2015թ. Գ.Ասատրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով և Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:

2015-ից Գ.Ասատրյանը Հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ Հոգեբանության 064 մասնագիտական խորհրդի անդամ էր:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...