Ամեն ինչ Հյուսիսային համալսարանի մասին
Նոյեմբերի 1-ին բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա ուսուցման առաջին կուրսի ուսանողները, ըստ նախապես տրամադրված ժամանակացույցի, հանդիպեցին բուհի, ֆակուլտետային և մի շարք այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ: Պահպանելով համաճարակային կանոնները՝ հանդիպումը տեղի ունեցավ բուհի մեծ դահլիճում, որի ընթացքում բոլոր երեք՝ բանասիրության և մանկավարժության, տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ու իրավագիտության ֆակուլտետների առաջին կուրսեցիներին հանգամանալից տեղեկատվություն տրվեց համալսարանի՝ իրենց առնչվող գործընթացների վերաբերյալ:
Ողջունելով նորընծա ուսանողներին՝ ռեկտոր Մհեր Մակիչյանը բարի երթ մաղթեց նրանց, խոսելով բուհի տրամադրած կրթական հնարավորությունների և մասնագիտական հեռանկարների մասին:
Ֆակուլտետների դեկանները ներկայացրին իրենց ստորաբաժանումների գործառույթները՝ նշելով ուսանող-դեկանատ ջերմ, բարիդրացիական ու թափանցիկ հարաբերությունների կարևորությունը ուսումնական գործընթացում և, մասնավորապես, ուսանողների կյանքում:
Հանդիպման ընթացքում ուսվարչության պետ Հ. Խաժակյանը սահիկահանդեսի միջոցով անդրադարձավ ուսումնական գործընթացի մի շարք առանձնահատկությունների՝ միջանկյալ և ամփոփիչ քննությունների անցկացման ժամանակահատվածին, «ՄՈԳ», «կրեդիտ» հասկացություններին, ուսանողների իրավունքներին ու պարտականություններին: Ուսանողներին տրամադրվեց նաև իրազեկման թերթիկ, որում ամփոփված է վերոնշյալ ողջ տեղեկատվությունը:
Իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ, դոցենտ Ավ. Հարությունյանը, ողջունելով առաջին կուրսեցիներին, կարևորեց ուսանողների համագործակցությունը մասնագիտական ամբիոնների հետ՝ պատրաստակամություն հայտնելով ուղղորդել նրանց ողջ ուսումնառության ընթացքում:
Պրակտիկայի բաժնի ղեկավար Ն. Ավագյանը ներկայացրեց բակալավրիատում և մագիստրատուրայում անցկացվող ուսումնական և հետազոտական պրակտիկաների ժամանակացույցն ու առանձնահատկությունները: Հանդիպմանը խոսվեց նաև գրադարանի ծառայությունների և դրանից օգտվելու կանոնների մասին:
Հեռավար ուսուցման և տեխնոլոգիական կառավարման բաժնի ղեկավար Ա. Ալեքսանյանը առաջին կուրսեցիներին հանգամանալից կերպով ներկայացրեց northern.am կայքով zoom հարթակով դասերին միանալու կարգը՝ ծանոթացնելով հեռավար ուսուցման մի շարք գործիքների:
Իրազեկման խոսքով հանդես եկան նաև որակի ապահովման վարչության պետ Ս. Ավագյանը, ուսխորհրդի նախկին և ներկա նախագահները, ուսանողական հանձնաժողովների նախագահները՝ ծանոթացնելով այդ կառույցների գործունեությանը և հեռակա ուսուցմամբ սովորողներին դրանցում առավել լայն մասնակցություն ապահովելու անհրաժեշտությանը:
Հանդիպման ավարտին որակի ապահովման վարչությունը հարցաթերթիկներ տրամադրեց ուսանողներին՝ բուհի վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման ուղիները պարզելու և կրթական որոշ նախասիրություններ հստակեցնելու նպատակով:
Տեղեկատվական հագեցածությամբ աչքի ընկնող ու կազմակերպչական առումով հաջողված իրազեկման այս հանդիպման համար շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին ու մասնակիցներին:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն