«Ինչպե՞ս կարելի է Պարույր Սևակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…»:
«Պարույր Սևակն այնպիսիներից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում…»: - Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա
Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված ընթերցումները Հյուսիսային համալսարանում անցկացվեցին իբրև ղողանջ երկրպագության, ղողանջ անմահության: Յուրաքանչյուրս մեր բաժին Սևակն ունենք, ով իր տողերը ասես հյուսել է հենց մեր հոգու լարերից: Իրենց բաժին Սևակ-մարդուն, Սևակ-փիլիսոփային, Սևակ-մարգարեին , Սևակ-մանկագրին ու պոետին առանձնակի սիրով հնչեցրին Հյուսիսային համալսարանի լեզուների, գրականության և լրագրության ամբիոնի վարիչ Նունե Մկրտչյանը, Իրավագիտության ֆակուլտետի դեկան Լիանա Հակոբյանը, Հյուսիսային համալսարանի ուսանողները: Կարդացին, վերապրեցին, հուզեցին ու հուզվեցին, մի պահ Սևակի հետ բարձրացան, ինքնամաքրվեցին, բյուրեղացան:
Եվ յուրաքանչյուր անգամ, երբ որևէ առիթով «հրավիրում-ուրախանում ենք» մեր հանճարներին, զգում ենք այն մեծ պատասխանատվությունը, որ ունենք նրանց առաջ, նրանց դավանած արժեքների, պաշտած երկրի ու թողած պատգամների առաջ:
Ու ամեն անգամ նրանց տողերին մեր խոստումն ենք խառնում՝ չդավաճանել այն դավանանքին, որով արարել ու անմահացել են Նվիրյալները: Այդպես եղել է, այդպես կլինի, քանզի այդպես ԱՆՄԱՀՆԵՐՆ ԵՆ ՀՐԱՄԱՅՈՒՄ: