Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Новости
Հետաքրքիր,
Ճանաչողական,
Անհրաժեշտ.
Այսպես կարելի է բնութագրել համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը բուհի ուսանողների և «Էրազմուս+» ուսանողների փոխանակման ծրագրի մասնակից, չորրորդ կուրսի ուսանողուհի Մ. Ավանեսյանի Maga Avanesyanհետ, որը 2020/21 ուստարվա երկրորդ կիսամյակում սովորել է Լեհաստանի Շեցինի համալսարանում: Մագդալենան սահիկահանդեսի միջոցով ներկայացրեց իր ուսումնառության ընթացքը Եվրոպայի առաջատար բուհերից մեկում, անդրադարձավ ուսանողական վառ ու հետաքրքիր առօրյային և այն արտոնություններին, որն ընձեռում է «Էրազմուս+» ուսանողների փոխանակման ծրագիրն իր շահառուներին:
«Ուսումնառությունը Շեցինի համալսարանում իմ կյանքի լավագույն շրջանն էր: Ոչ միայն դասերն էին հետաքրքիր ու բովանդակալից, այլև հնարավորություն կար մասնակցելու ուսանողական ակտիվ կյանքին, շրջագայելու ինչպես Լեհաստանում, այնպես էլ հատել սահմանն ու ծանոթանալ այլ երկրների պատմամշակութային արժեքներին: Սկիզբն իհարկե փոքր-ինչ դժվար էր. նոր, անծանոթ միջավայր, տան կարոտը, սակայն հետո ընկերներ գտա՝ տարբեր երկրներից ուսանելու եկած ուսանողներ, և սկսվեց իսկապես հետաքրքիր ու արդյունավետ շրջան բոլորիս կյանքում»,- պատմում է ուսանողուհին:
Մ. Ավանեսյանը նաև նշեց, որ «Էրազմուս+» ուսանողների փոխանակման ծրագիրն ամբողջությամբ փոխհատուցում է ուսանողի անհրաժեշտ ծախսերը՝ նույնիսկ ժամանցի համար հնարավորություն ընձեռելով: «Մասնակցությունը ծրագրին հնարավորություն է տալիս նաև բարելավել անգլերենի մակարդակը և ձեռք բերել երկրորդ օտար լեզուն»,-հավելեց ուսանողուհին:
Մ. Ավանեսյանը, ի պատասխան մասնակիցների այն հարցին, թե ինչպես է տեղեկացել ծրագրի մասին, նշեց. ««Էրազմուս+» ուսանողների փոխանակման ծրագրի մասին հայտարարությանը ծանոթացել եմ Հյուսիսային համալսարանի կայքէջում, ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը և մասնակցել մրցույթին: Հաղթելուց հետո ինքնակենսագրությունս ուղարկվել է Շեցինի համալսարան և այնտեղ նույնպես հաստատվել»:
Հանդիպման ընթացքում Հյուսիսային համալսարանի եվրոպական ծրագրերի համակարգող Անի Թամազյանը Ani Tamazian նշեց, որ միջազգային համագործակցության ոլորտում համալսարանի ձեռքբերումներից է նոր գործնական կապերի հաստատումն ու ակտիվ համագործակցության իրականացումը արտասահմանյան մի շարք բուհերի հետ և հորդորեց ուսանողներին այս գործընթացների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալ ինչպես բուհի northern.am պաշտոնական կայքէջից, այնպես էլ ֆեյսբուքյան էջից: Ա. Թամազյանը նաև ներկայացրեց «Էրազմուս+» ուսանողների փոխանակման ծրագրի նոր հաղթողին, որը հաջորդ ուսումնական տարում մեկ կիսամյակ կսովորի Լեհաստանի Շեցինի համալսարանում:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
Այսօր Հյուսիսային համալսարանում մեկնարկեց ավարտական աշխատանքների և մագիստրական թեզերի պաշտպանությունը: Պատկերացնում եմ՝ որքան հուզված եք, դուք, սիրելի ուսանողներ, և դա բնական է, քանի որ հանձնում եք ձեր կյանքի գլխավոր քննություններից մեկը: Այսօր բոլորդ նպատակ ունեք ապացուցելու, որ ուսումնառության տարիներն իսկապես եղել են բեղմնավոր ու արդյունավետ, որ ամբարել եք գիտելիքների անհրաժեշտ պաշար, ինչը հնարավորություն կտա լավագույնս դրսևորվելու աշխատաշուկայում՝ դառնալով պահանջարկ վայելող մասնագետներ: Համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը ներդրել է իր բոլոր ուժերը՝ ուսումնառության նպաստավոր պայմաններ ստեղծելու, ձեզ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցելու, որպես մասնագետ ու արժանավոր քաղաքացիներ ձևավորելու համար: Վստահ ենք, որ ձեզանից շատերն օգտվել են իրենց ընձեռած հնարավորություններից և այսօր կապացուցեն դա գրագետ, հասուն մասնագետներին վայել պատասխաններով և կյանք կմտնեն ՝ զինված անհրաժեշտ գիտելիքներով:
Մաղթում ենք բոլորիդ հաջողություններ, ձեր ձեռքբերումները նաև մերն են:
Շնորհակալություն ենք հայտնում ավարտական աշխատանքների և մագիստրական թեզերի ղեկավարներին՝ համբերատար ու պատրաստակամ մոտեցման, ինչպես նա վարչական աշխատակիցներին՝ պաշտպանությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Մհեր Մակիչյան, Հյուսիսային համալսարանի ռեկտոր
…Քանի որ ուսանողները շատ են
Համալսարանում շարունակվում են ավարտական աշխատանքների և մագիստրական թեզերի նախապաշտպանությունները: «Կառավարում» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների ուսանողների նախապաշտպանություններն իրականացվում են առցանց եղանակով, քանի որ ուսանողների քանակը շատ է, նրանց շարքերում կան զինծառայողներ, ինչպես նաև հեռավոր շրջանում բնակվողներ:
Համալսարանի ղեկավարությունը, տնտեսագիտության կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետի անձնակազմը նպատակահարմար գտան նախապաշտպանություններն անցկացնել առցանց եղանակով՝ հնարավորություն տալով բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի բոլոր ուսանողներին մասնակցելու իրենց համար բախտորոշ այս «քննությանը»:
Վաղը տնտեսագիտության կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետի բակալավրիատի ավարտական աշխատանքների և մագիստրական մագիստրական թեզերի նախապաշտպանություների 5-րդ օրն է: Հաջողություն ենք մաղթում բոլորին, իսկ մասնագիտական հանձնաժողովի անդամներին հայտնում շնորհակալություն՝ համբերատար և պարտաճանաչ աշխատանքի համար: