Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանի շնորհավորական ուղերձը կանանց միամսյակի կապակցությամբ
Մեծ պատասխանատվություն է ղեկավարել մի բուհ, որի աշխատակիցների մեծ մասը կանայք են: Միաժամանակ հաճելի ու պարտավորեցնող է շրջապատված լինել անձանցով, որոնք մարմնավորում են սերը, գեղեցկությունը, խոհեմությունն ու մարդկային լավագույն այլ որակներ:
Հարգելի կանայք ու աղջիկներ, շնորհավորում եմ ձեր գարնանային գեղեցիկ տոնը, թող սերը, ընտանեկան ջերմությունը, աշխատանքային հաջողությունները միշտ ուղեկցեն ձեզ՝ պարգևելով լիարժեքության ու կարևոր լինելու զգացողություն: Այս բարդ ու դժվարին ժամանակաշրջանում դուք կարողանում եք լինել մեզ համար ամուր հենարան, հույսի ու հավատի աղբյուր, օգնում եք հաղթահարել դժվարությունները գեղեցկորեն, ձեզ հատուկ կանացի նազանքով ու միաժամանակ հաստատակամությամբ: Մեկ անգամ ևս լավագույնը մաղթելով ձեզ՝ ցանկանում եմ միշտ երջանիկ ու ինքնաբավ տեսնել մեր մեծ ընտանիքի՝ Հյուսիսային համալսարանի յուրաքանչյուր գեղեցիկ անդամի, քանի որ հենց ձեզանով է պայմանավորված աշխատանքային ու մարդկային հարաբերությունների այն ջերմ մթնոլորտը, որը մղում է մեզ նորանոր ձեռքբերումների:
Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի սաները հաճախ են կատարում հետազոտական աշխատանքներ: Այս անգամ հումանիտար հոսքի 10-րդ դասարանի աշակերտները ոչ միայն հաջողությամբ կատարեցին իրենց առաջադրանքները,այլ ներկայացրեցին իրենց աշխատանքների արդյունքները «Հայկական մշակույթի զարգացումը Ք.ա. 9-րդ դարից մինչև 3-րդ դար» խորագրով բաց դասի ժամանակ:
Երեխաները հիացրեցին հետազոտական աշխատանք կատարելու կարողունակությամբ, պատրաստած սահիկահանդեսով, գեղեցիկ և սահուն հայեցի խոսքով, ինչպես նաև հայկական մշակույթի գնահատման և արժևորման կարողությամբ: Նրանք հստակ ձևակերպեցին հայոց ազգային արժեհամակարգի և գաղափարախոսության կարևորագույն դրույթները, այն է՜ Հայրենիք, պետականություն, հավատք, աստվածընտրյալություն, և ազգի ազատության բացարձակ ըմբռնում:
Սա է մեր ժողովրդի փրկության ուղին և մեր սաները այդ արժեքների կրողներն են:
Շնորհակալություն ընկեր Սարգսյանին ուսուցողական, հետաքրքիր,հագեցած միջոցառման համար:
Ուսումնասիրելով հաջող փորձը (այցելություն Coca-Cola ընկերություն)
Կարիերայի կենտրոնի նախաձեռնությունների շարքը համալրվեց ևս մեկով, կառավարում մասնագիտության առկա ուսուցման 3-րդ կուրսի ուսանողները մարտի 2-ին այցելեցին աշխարհահռչակ Coca-Cola ընկերություն՝ ծանոթանալու բրենդի հաջողության գաղտնիքներին:
Մեղմ ասած՝ վերադարձել են տպավորված: Տասը ուսանող՝ կարիերայի կենտրոնի ղեկավար Նինա Ավագյանի հետ, շրջել են արտադրամասերում, ծանոթացել Coca-Cola ընկերության պատմությանը, հումքին, ականատես եղել շշալցման ողջ գործընթացին, շշերի փոփոխություններին ու դրա պատճառներին, ինչպես նաև Coca-Cola-ի ոչ պակաս հայտնի այլ ապրանքատեսակներին:
Էքսկուրսավարի՝ նյութը մատուցելու և հաղորդակցման հիանալի հմտությունները հնարավորություն են ընձեռել բուհի ուսանողներին առավել հանգամանալից ծանոթանալու ընկերության գործունեության առանձնահատկություններին և հաջողության գաղտնիքներին:
Կարիերայի կենտրոնի՝ մասնագիտական կողմնորոշմանն ուղղված այս նախաձեռնության ավարտին ուսանողները ստացել են օգտակար և հաճելի նվերներ Coca-Cola ընկերության կողմից:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն