Հարգելի ուսանողներ, դասախոսներ և վարչականաշխատակիցներ Շնորհավորում ենք սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Անկախ բոլոր մարտահրավերներից՝ բուհի ողջ անձնակազմն անցած ուսումնական տարում շարունակել է տքնաջան աշխատել, մի պահ անգամ չի դադարել համալսարանի մշտատրոփ զարկերակը: Ու թեպետ համավարակն ու չարագույժ պատերազմը խաթարեցին ողջ հայության կյանքի բնականոն ընթացքը՝ հարուցելով բազմաթիվ խնդիրներ, այնուհանդերձ մենք բոլորս, գիտակցելով գիտելիքի, կրթության դերն ու նշանակությունը, շարունակել ենք աշխատել ու արարել: Սիրելի ուսանողներ, այսօր Գիտելիքի ու դպրության տոնն է: Ցանկանում ենք, որ յուրաքանչյուր օրը ձեզ նվիրի գիտելիքը սեփական հողի վրա, հայրենի խաղաղ ու ստեղծագործ երկնքի տակ յուրացնելու և կիրառելու բերկրանքը: Նոր՝ 2021-2022 ուսումնական տարին թող բոլորիս համար լինի հաջողությունների, արժեքավոր ու պիտանի գիտելիքների ձեռքբերման և մարդկային բարձր որակների ձևավորման ժամանակահատված: Ուրախ ենք, որ դասերը սկսվելու են լսարանային պայմաններում՝ հնարավորություն ընձեռելով գիտելիքներ փոխանցել ձեզ անմիջական շփմամբ, օգտագործելով բուհի բոլոր ենթակառուցվածքները, տեխնիկապես հագեցած լսարանները: Նոր ուսումնական տարում հաջողություններ ենք մաղթում բոլորիդ:
Շարունակվում է հեռակա ուսուցման ընդունելությունը բակալավրիատում և մագիստրատուրայում
Հյուսիսային համալսարանում շարունակվում է բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելությունը հեռակա ուսուցման համակարգ: Ինչպես տեղեկացանք ընդունելության հանձնաժողովից՝ 2021-2022 ուսումնական տարում գրեթե բոլոր մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման համակարգ են դիմել բավականաչափ դիմորդներ: Այս ուստարում քննություններն անցկացվել են թեստերով, որոնք ձևավորվել են նախապես տրամադրված հարցաշարերի հիման վրա: Ընդունելության հանձնաժողովի անդամներն ընդհանուր առմամբ բավարար են գնահատում դիմորդների գիտելիքները, նշելով նաև, որ որոշ դիմորդներ չեն կարողացել հաղթահարել անցողիկ շեմը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային համալսարանում հեռակա ուսուցման ընդունելությունը բակալավրիատում և մագիստրատուրայում շարունակվելու է մինչև հոկտեմբերի սկիզբ, ուստի ենթադրվում է, որ առաջիկայում տարբեր մասնագիտությունների գծով արդեն իսկ ձևավորված խմբերը աճի միտում կունենան:
Սեպտեմբերի 1-ին դասերը կսկսվեն լսարանային պայմաններում
Նոր ուսումնական տարվան ընդառաջ համալսարանում տեղի ունեցավ ռեկտորատի նիստ՝ ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ռեկտոր Մհեր Մակիչյանը բեղմնավոր աշխատանքային տարի մաղթեց ներկաներին՝ նշելով, որ յուրաքանչյուրի աշխատանքով է պայմանավորված բուհի հետագա գործունեությունը, ուստի անհրաժեշտ է համախմբել բոլոր ուժերը՝ առաջիկա մարտահրավերները պատվով հաղթահարելու համար:
Ռեկտորատի ընթացքում ուսվարչության պետ տիկին Խաժակյանն անդրադարձավ բուհի 2021-2022 ուստարվա ընդունելությանը՝ այն գնահատելով բավարար: Նա նշեց, որ հատկապես մեծ խմբեր են ձևավորվել հեռակա ուսուցման համակարգում, և քանի որ ընդունելությունը դեռևս շարունակվում է, առաջիկայում սպասվում է դիմորդների նոր հոսք: Ավագ դպրոցի տնօրեն և միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար տիկին Սարգսյանի խոսքերով՝ իրենց համակարգում ընդունելության ընդհանուր պատկերը նույնպես գոհացուցիչ է: Բժշկական քոլեջի երկու մասնագիտությունների գծով՝ ատամնատեխնիկական գործ և քույրական գործ, ձևավորվել են խմբեր, ավագ դպրոցում ընդունելությունը դեռ շարունակվում է: Նույնն է պատկերը նաև Ալավերդու Թումանյան բաժանմունքում:
Ռեկտոր Մ. Մակիչյանն ամփոփիչ խոսքում նշեց, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ բուհում կատարվել են նորոգման, վերակահավորման որոշ աշխատանքներ, որոնք կունենան շարունակական բնույթ: Նա հավելեց, որ համալսարանն ամբողջությամբ պատրաստ է ընդունելու ուսանողներին՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: